Հեռո՜ւ-հեռավոր 1990-1992 թվական: Համալսարանը նոր ավարտած մեկը, ում դժվարությամբ, բայց հաջողվում է հաղթահարել մրցույթը և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընդունվում է աշխատանքի: Հետո` ամուսնություն, բալիկներ, և աշխատանքային երկարատև ընդմիջում:
2002-2003 ուս.տարի: Վերադարձ: Զարմանք. կրթահամալիրում բոլորը նույնն են մնացել` նույն երիտասարդ, աշխույժ, կենսուրախ և ժպտադեմ մարդիկ են:
Նորություն. համակարգչային սրահներ կան: Վախվորած նայում եմ համակարգչային մկնիկին ու սրտնեղությունից քիչ է մնում` լաց լինեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում մկնիկ կառավարել: Դա էլ բավական չէ` ուսուցման կազմակերպման ձևի և դասարան պահելու հետ կապված դժվարություններ ունեմ: Մի խոսքով՝ մի լավ ծաղկեփունջ խնդիրներ և լիքը բացթողում-անելիքներ:
2011-2012 ուս.տարի: Կրթահամալիրի երկու` Նոր և Միջին դպրոցների մեկական` 3.3 և 8.3 դասարաններում մեկնարկում է «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիրը: Իսկ մարտ-ապրիլ ամիսներին Միջին դպրոցի 9.1 դասարանն անցնում է բլոգավարության:
2012-2013 ուս.տարի. կրթահամալիրում մեկնարկում է «Նոթբուքն ինձ դասընկեր» պիլոտային ծրագիրը:
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի «Դասարան անիվների վրա» նախագիծ: Արդյունքում` ես վերջապես պատկերացում եմ կազմում Արցախի, ՀՀ մարզերի և դրանց վարչական տարածքների մասին…
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի կազմակերպման հետագա զարգացումը անխուսափելիորեն բերում է բլոգների ստեղծման։ Ժամեր շարունակ համակարգչի առաջ նստած՝ փորձում եմ բլոգ բացել: Պատահաբար ստացվում է: Ուրախությանս չափ չկա: Բայց, քանի որ չեմ կարողանում բլոգում հաշվիչ տեղադրել, circle. am-ը (ժամանակին նման բոբո կայք կար) մի քանի անգամ զգուշացնելուց հետո վերցնում ու ջնջում է իմ` այդքան դժվարությամբ բացած բլոգը: Պապս կասեր՝ քոռ գելերը քեզ ուտեն…
Երկրորդ բլոգն է բացվում: Ամեն ինչ կարգին է, քանի դեռ չեմ որոշել մոտիկից ծանոթանալ բլոգի գործառույթներին: Հերթով սեղմում եմ կոճակները՝ հասկանալու համար, թե որ մեկն ինչ ֆունկցիա է կատարում: Հերթական կոճակն եմ սեղմում ու…այ քեզ «հաջողություն», պարզվում է՝ բլոգն եմ ջնջել: Թող քոռ գելերն ինձ ուտեն…
Ի՞նչ պիտի անեմ, ստիպված եմ իմ՝ թվով երրորդ բլոգը բացել (պարզ է, չէ՞, ինչու է էս մեր կակաչը ամառ-ձմեռ բացվում: Ով լինի, որ չբացվի՝ նախորդ բլոգների հումուսն ունի ոտքերի տակ փռած…)
2013-2014 ուս.տարի: Կրթահամալիրում սկսում են թևածել խմբային բլոգների առաջին ծիծեռնակները` «Լուսաստղ» (Մարգարիտ Սարգսյան և ընկերներ), «Առականի» (Տիգրան Աբրահամյան և ընկերներ), «Շողակն» (Էրիկ Թելունց և ընկերներ), «Գրապտույտ» ( Գոհար Հովհաննիսյան և ընկերներ) և էլի ուրիշներ:
2014-2015 ուս. տարի: Աննախադեպ էր երկարաժամկետ նախագծեր իրականացնելու` այդ նախագծերում հնարավորինս մեծ թվով սովորողներ ընդգրկելու, էլեկտրոնային ամսագրեր հիմնելու առումով:
2016-2017 ուս.տարի: «Հայկական կակաչ» հոգևոր-մշակութային կայքի «Մեդիակրթություն» բաժնից ծնունդ է առնում իմ նոր` «Սեբաստացիական մեդիադարակ» բլոգը:
2017-2018 ուս. տարի: Ուսուցում շուրջտարյա նախագծերով:
2019-2020 ուս.տարի: Կրթահամալիրի տոնին ընդառաջ` հանրային աուդիտ: Ուսումնասիրության թեման կրթահամալիրի ուսումնական բլոգներն են:
Սա իմ` որպես մանկավարժական աշխատողի անցած ուս. տարիների ամփոփ փաստավավերագրությունը:
Միշտ Քո` Նունե Մովսիսյան
Լուսանկարը` Սմբատ Պետրոսյանի
Уведомление: Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)