«Զի ահա ձմեռն էանց, անձեւք անցին և գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»: Երգ երգոց
Ձեզ հետ հաստատ եղել են պահեր, երբ դուք մոռացել եք ձեր գոյությունը: Չասե՛ք չէ, ոնց էլ լինի, եղած կլինեն: Անպայմա՛ն կլինեն: Ուղղակի դուք հիմա չեք հիշում. հավանաբար մոռացել եք կամ էլ ուշադրություն չեք դարձրել նման պահերին՝ դրանք համարելով ոչ կարևոր: Սպասե՛ք, հիմա կհիշեցնեմ. առավոտ ծեգին, երբ արևը նոր-նոր էր բարձրանում, դու ինքնամոռաց նայում էիր ծաղկած ծառերին ու հանկարծ…
Քեզ այնքան հրապուրեց նոր ելնող արևը, առավոտը, մեղուների աշխույժ բզզոցը, թռչունների դայլայլն ու ծառերից թափվող ծաղկաթերթերը՝ մի պահ մոռացար, որ դու կաս: Չգիտեմ՝ ինչու, բայց ինձ համառորեն թվում է, որ հենց այդ պահերին է ծնվում գեղեցիկը: Ավելին` հենց այդ պահերին ենք ծնվում մենք, ծնվում նորովի, ծնվում հոգեպես…
Պարզ է, որ գեղեցկությունը արևածագից չի առաջանում ու ոչ էլ ծաղկած ծառերից: Ինչո՞ւ, դե՛, որովհետև շատերն են նայում արևին կամ ծառին՝ անգամ չնկատելով: Բանն այն է, որ արևը կամ ծառը ծնվում են հենց մեր մեջ, որովհետև մենք այդ պահին այնքան ենք տարվում արևածագով կամ ծաղկած ծառով, որ մոռանում ենք մեր գոյության փաստը՝ մեր ներսում ընդունելով նույն այդ արևին, նույն այդ ծաղկած ծառին: Հասկանո՞ւմ եք…
Նման պահեր հանդիպում են բոլորի հետ, որովհետև դա, առավել քան, բնական ու բնությունից ի վերուստ մեզ տրված երևույթ-պարգև է: Բայց չգիտես՝ ինչու մարդիկ խուսափում են կամ ուշադրություն չեն դարձնում դրան: Ափսոս, շա՜տ ափսոս: Մինչդեռ հենց դրանք են այն ակնթարթները, որոնք մարդուն հարուստ են դարձնում` պայծառություն են բերում հոգուն, խաղաղություն՝ սրտին, իմաստություն՝ մտքին: Մարդուն կտրում են իրականությունից, երևակայություն և թևեր տալիս…
Նման պահերին այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես գլխիցս մի բան իջնում ու ուսերիս վրայից ծանր բեռի նման ընկնում է: Ավելորդ մի բան, որը երկար ժամանակ, չգիտես ինչու, պահել եմ: Պահել եմ ամենայն զգուշությամբ ու համբերությամբ, բայց, որը պարզվում է՝ ոչ միայն ավելորդ է եղել, այլև՝ վտանգավոր: Վտանգավոր, որովհետև չազատվելու դեպքում դրանք ժամանակի ընթացքում մեծանո՜ւմ-մեծանո՜ւմ, տարածվո՜ւմ-տարածվո՜ւմ են՝ դառնալով հիվանդություն, դժբախտ պատահար կամ վատագույն բնավորություն…
Ժամանակ առ ժամանակ թոթափել է պետք ամե՜ն-ամե՜ն ինչ. հիշողություն, անցյալ, ներկա ու ամենակարևորը՝ ինքդ քեզ: Մինչև քո վրայից չսրբես-չլվաս ինքդ քեզ` չես միանա քեզ, արևին, ծաղկած ծառին, Աստծուն…
Արևը, ծաղկած ծառը, գեղեցիկ ժպիտը, մայրամուտը, մեղեդին ու էլի լիքը բաներ քո ներսում հայտնվելուց հետո սկսում են կամացո՜ւկ-կամացո՜ւկ, տաքո՜ւկ-տաքո՜ւկ տարածվել, ծլարձակել, ճառագայթել…
Այսպիսի ինքնամեկուսացում՝ արտակա՜րգ հոգեվիճակ ու գարնան սիրո՜ւն վայելք…
Նունե Մովսիսյան
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Уведомление: Երանինե՞ր… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աշխարհը քննությունը չհանձնեց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)