Տնտեսի կիրակի (լրացված)

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը:

Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը:

Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է:

Պահքը մարդուն որեւէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:38): Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով և ինքնազսպմամբ  հասնել փրկության:

Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչեւ որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը եւ սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:

Տնտեսի նման` մարդն էլ ոչինչ չունի և ամեն ինչ Աստծուց է ստացել՝ ըստ այս խոսքի. «Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես» (Կորնթ. Դ 7): Մարդը բոլոր պարգևներն Աստծուց է ստացել՝ և քահանայությունը, և մնացած ամեն ինչ, որպեսզի փոքրերի մեջ հավատարիմ լինելով՝ մեծին ու անճառելիին արժանանա: Արդ՝ ամեն ոք, ով Աստծուց շնորհ է ստանում, այդ շնորհի տնտեսն է և պարտավոր է տնտեսին վայել գործել, հակառակ դեպքում կզրկվի ունեցվածքից:

Եվ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Ունեցվածքը երկու տեսակ է լինում՝ հոգևոր ու մարմնավոր, և սրանք բոլորն էլ Աստծունն են: Երկու կերպ է հնարավոր զրկվել տնտեսությունից, մեկը՝ երբ զրկվում ես պաշտոնից, մյուսը՝ կյանքից:

Թեև Աստված ամենատես է և կարիք չունի ամբաստանություններ լսելու, սակայն մարդիկ, ձանձրանալով տիրող անօրենություններից հաճախ բողոքում են Աստծուն: Նաև հրեշտակները, տեսնելով ամբարիշտների գործերը, նրանց ամբաստանում են Աստծու առջև: Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՜ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»:

Այսպես ասաց, որպեսզի մեզ սովորեցնի, որ առանց քննության որևէ մեկին չի դատում: Եվ ով հաստատվում է չարության մեջ, այլևս չի կարողանում բարին գործել:

Իսկ առակի խորհուրդը Հիսուսի այս պատգամն է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»:

Մեկնությունը`  Արամ Դիլանյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Տնտեսի կիրակի (լրացված)

  1. Բարի վերադարձ։ Սպասում ենք քեզ, Նուն ջան։

    Нравится

  2. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ավագ շաբաթվա ծիսակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ — Սեբաստացիական մեդիադարակ

Оставьте комментарий