Սիրում եմ իմ կրթահամալիրի Ամենատոնը՝ «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը»: Սիրում եմ, որովհետև լավ առիթ է մեկ անգամ ևս հաղորդակից լինելու հայ մշակույթի անխոնջ երախտավորով՝ Մխիթար Սեբաստացի երևույթով: Ու ինչքան շատ բան եմ իմանում Սեբաստացու ու նրա հիմնած Մխիթարյան միաբանության մասին, այնքան ավելի եմ զարմանում: Ոնց կարող է սովորական մահկանացուն այսքան բան հասցրել անել…
Իսկ ես՝ մենք, որպես սեբաստացիներ, ի՞նչ ենք արել: Ինչո՞վ, մեր ո՞ր մի արածով ենք կարողացել սեբաստացի պատվավոր կոչմանը արժանի լինել: Կարողացե՞լ ենք թեկուզ մեկ շյուղ ավելացնել «Մխիթար Սեբաստացի» օջախին: Արդյո՞ք այդ շյուղից կրթահամալիրը ջերմացել ու շահել է, թե՞ հերթական անգամ Ինքը մեծահոգաբար տվել է, իսկ ես՝ մենք, շռայլորեն օգտագործել ենք՝ առանց փոխարենը վերադարձնելու:
Փորձելու եմ այս և նմանատիպ այլ հարցերի անդրադառնալ և ինչու չէ՞՝ պատասխաններ տալ:
Իմ 2014-2015 ուս. տարին աննախադեպ էր: Աննախադեպ էր երկարաժամկետ նախագծեր իրականացնելու, այդ նախագծերում հնարավորինս մեծ թվով սովորողներ ընդգրկելու, էլեկտրոնային ամսագրեր հիմնելու առումով:
Կրթահամալիրում ձևավորված կրթական ազատ-նպաստավոր միջավայրը և գործադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ոգևորող-թևեր տվող վերաբերմունքը չլիներ, հազիվ թե հնարավոր լինել նման ծավալի աշխատանք իրականացնել: Շնորհակալ եմ:
2014-2015 ուս. տարում սկիզբ են առել հինգ երկարաժամկետ նախագծներ, որոնք հաջողությամբ շարունակվում են նաև այսօր:
Դրանք շոշափելի, նյութական, տրոփող-կենդանի նախագծեր են: Սովորողների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք ներկայացնել նախագծերի առավել ակտիվ երեք սովորողներին: «Ֆիլմադարանն» ու «Գրապտույտը» ընդհանրապես ձեռնպահ մնացին այս տարի «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»-ին ներկայանալուց՝ պատճառաբանելով, որ իրենք, Շողակնի, Առականիի, Վիքիմեդիայի համեմատ, նոր նախագծեր են և անհատապես ներկայանալու-ներկայացնելու այս պահին այնքան էլ շատ բան չունեն: Հարգանքի արժանի այսպիսի հասուն դիրքորոշում:
Եվ այսպես՝
«Առականի» թարգմանական բլոգ, Տիգրան Աբրահամյան և ընկերներ
Թարգմանության լեզուն՝ ռուսերեն
Ընդհանուր հրապարակումներ՝ 395 առակ
Արտակ Նշանյան, թարգմանել է 80 առակ
Տիգրան Աբրահամյան (նախագծի ղեկավար), թարգմանել է 70 առակ
Գևորգի Թևոսյան, թարգմանել է 75 առակ
«Շողակն» էլեկտրոնային ամսագիր, Էրիկ Թելունց և ընկերներ
Ընդհանուր հրապարակումներ՝ 326 նյութ
Էրիկ Թելունց (նախագծի ղեկավար), գրել է 74 նյութ
Անի Ջանոյան, գրել է 66 նյութ
Լուսինե Ալեքսանյան, գրել է 56 նյութ
«Վիքիմեդիա» նախագիծ, Սիրուշիկ Սահակյան և ընկերներ
Արման Մարտիրոսյան, թարգմանության լեզուն՝ անգլերեն, ռուսերեն: Վիքիպեդիան ընդունել է 80 հոդված
Հուրի Իսկանյան, թարգմանության լեզուն՝ արաբերեն, անգլերեն: Վիքիպեդիան ընդունել է 60 հոդված
Հրաչյա Մովսիսյան, թարգմանության լեզուն՝ ռուսերեն, անգլերեն: Վիքիպեդիան ընդունել է 20 հոդված
Լինում են դեպքեր, երբ սովորողի աշխատանքի արդյունքը Վիքիպեդիան չի հաստատում և և հոդվածը տեղադրելուց որոշ ժամանակ անց ջնջվում է: Հաստատելու դեպքում հոդվածի հետ սկսում են համատեղ աշխատել Վիքիպեդիայի խմբագիրներն ու համապատասխան ոլորտի մասնագետները:
Արդեն մյուս տարի «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»-ին, որպես մրցանակի թեկնածուներ, ներկայանալու ցանկություն են հայտնել նաև Մարգարիտա Մանվելյանը, Սոնա Բեզիրգյանը («Շողակն» էլեկտրոնային ամսագիր):
Սովորողների նման փորձեմ ներկայացնել նաև իմ կատարած աշխատանքը: Այն ամբողջական կերպով տեսանելի է «Հայկական կակաչ» կրթամշակութային կայքում: Վիրտուալ այս տարածքում հնարավորինս նվազագույնի է հասցված արտատպված նյութերի քանակը: Նման նյութերը հիմնականում վերաբերում են այս կամ այն գրողի այս կամ այն ստեղծագործությանը: Դրանք դասի համար անհրաժեշտ նյութեր են, ըստ այդմ, դրանց առկայությունն անխուսափելի է:
Կայքի նյութերի մի մասը թարգմանություններ են: Դրանք հիմնականում աշխարհում ճանաչված, բայց հայկական համացանցին անծանոթ կամ ոչ այնքան հայտնի հեղինակներ են: Փորձեմ մի քանի անուններ տալ՝ Նիլ Դոնալդ Ուոլշ, Ջեֆ Ֆոստեր, Օշո Ռաջնիշ, Սեմեոն Աֆոնսկի, Էնթոնի դե Մելլո և այլն:
Երրորդ խումբ նյութերը այս կամ այն գրքից, հանրագիտարանից, մի խոսքով՝ տպագիր գրականությունից մուտքագրված այն նյութերն են, որոնք բացակայում են համացանցում: Այսկերպ համացանց են ներմուծվել հատվածներ Յովհաննէս Թորոսեանի «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» և պատմիչ Ստեփանոս Սյունեցու «Սյունիքի պատմությունը» գրքերից, Ավ. Իսահակյանի «Հիշատակարանից», մտքեր Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գրքից, նմուշներ չինական պոեզիայից, և այլն, և այլն:
Նախորդ տարիների նման, այս տարի նույնպես «Ծիսական տոնացույցը» շարունակել է աշխատել: Մեր կայքի ընթերցողին հաստատուն կերպով ներկայացվել են 41-43 եկեղեցածիսական տոներ: Ընդ որում, ամեն տարի այդ նյութերը թարմացվում և լրամշակվում են, նյութերին կցվում են այլևայլ մեդիանյութեր՝ տեսանյութերի, ռադիոնյութերի, նկարաշարերի տեսքով:
Այս տարի առավել կանոնավոր սկսել է աշխատել Ծիսական օրացույցը: Մինչև հիմա ներկայացվել է 80-ից ավել անուն: Ծննդյան օրը առիթ է դառնում հիշելու և հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր իրենց տեղն ու դերն են ունեցել հայ և համաշխարհային պատմության, գրականության, արվեստի մեջ: Նախագիծը նպատակ ունի նաև մեր ընթերցողին քիչ ծանոթ կամ անծանոթ նոր անուններ ևս ներկայացնել:
Սա էլ Դպիրի իմ հոդվածները: Դրանք իմ մանկավարժական գործունեության և սովորողների հետ կատարած աշխատանքի ամփոփ տեղեկատվություններն են:
Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ նաև մեր կայքի իմ թողարկումներին: 2014-2015 -ին էջը գրացել է 650-ից ավել թողարկում:
Վերոհիշյալ աշխատանքը հիմնականում կատարվում է ոչ աշխատանքային ժամերին, բնականաբար, որոշակի առումով, ծանրաբեռնվածություն է սովորողի և դասավանդողի համար: Սա, ըստ էության, ոչ այնքան սովորողի խնդիրն է, որքան դասավանդողինը:
Եթե սովորողը դասարանում հասցնում է ավարտել օրվա համար նախատեսված հարցերի և առաջադրանքների չափաբաժինը, ինքնըստինքյան ազատվում է տնային աշխատանքից: Տնային աշխատանք ես ուզում՝ խնդրեմ, օգտվիր ամեն շաբաթվա համար նախատեսված լրացուցիչ փաթեթից կամ քո ցանկությամբ համագործակցիր որևէ նախագծի: Չե՞ս ուզում: Առաջարկիր քո անհատական կամ խմբային նախագիծը:
Այլ է դասավանդողի դեպքում: Վերջինս նախագծի ղեկավարի հետ հաճախ հայտնվում է թողարկվող նյութերի հոսքի առաջ: Այդքանը նախ կարդալ է պետք, հարկ եղած դեպքում՝ խմբագրել, կայք տանելուց առաջ՝ սրբագրել, հետո սովորողի հետ նայել թույլ տված սխալները, թարգմանությունների դեպքում քննարկել լեզվական անհարթությունները: Էլ չեմ ասում, որ «Ֆիլմադարանի» առաջարկած ֆիլմերն էլ նայել է պետք: Համաձայնեք, որ աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Ո՞րն է ելքը:
Խնդիրը, կարծում եմ, երկու լուծում ունի: Առաջին՝ խմբեր ձևավորել և նախագծային աշխատանքն իրականացնել հանրակրթության պարտադիր դասաժամերից դուրս: Միայն թե դա պիտի լինի սովորողի ցանկությամբ և համաձայնությամբ:
Երկրորդ՝ նախագծային աշխատանք իրականացնող դասավանդողների դրույքաչափի շեմը իջեցվի: Խոսքը, բնականաբար, չի վերաբերում առարկայական կարճաժամկետ նախագծերին:
Թերևս՝ այսքանը: Շնորհակալություն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ամենայն հարգանքով՝ Նունե Մովսիսյան
Уведомление: 2015-2016 ուսումնական տարի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հունվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)