Բլոգավարություն բեմից այն կողմ` վարագույրի ետևում

papaver-armeniakum.gif

Վերջապե՜ս… «Հայկական կակաչը» հատեց 500 000-ի սահմանը:

«Հայկական կակաչ» կրթամշակութային կայքը կրթահամալիրի որդեգրած մեդիակրթության ծնունդ է, ուստի այն պատկանում է կրթահամալիրին: Ասել կուզի` կայքը որքան իմն է, երկու էդքան կրթահամալիրինն է: Սա առաջին բանն էր, որ ուզեցա ասել:

Իսկ հիմա` բլոգի մասին: Բլոգում առաջին նյութերը թողարկվել են 2011թ.-ի օգոստոսի 5-ին և օգոստոսի 7-ին՝ «Մեդիակրթության հայրը» և «Մեդիայի օրենքները»: 2012 թ.-ին բլոգը ձեռք բերեց դոմեյն` դառնալով կայք, 2013թ.-ին` վերանվանվեց «Հայկական կակաչ», իսկ վերջերս, երբ «Մեդիակրթություն» բաժինը տեղափոխվեց «Դասավանդողի մեդիադարակ» բլոգ` դարձավ կրթամշակութային բովանդակությամբ անձնական կայք:

Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ` իսկ ինչո ՞ւ «Հայկական կակաչ»: Կդժվարանամ ասել` որն է այդ ծաղկի հանդեպ ունեցած իմ անդիմադրելի սիրո պատճառը. մշեցի տատիցս անցած գենետիկ հիշողությո՞ւնն է մեջս խոսում (պարզվում է` կակաչի այս տեսակը, որին տեղաբնակները անվանել են հազրէ, այսօր էլ Մուշ քաղաքի խորհրդանիշն է), թե՞ քնքշության, գույնի, գեղեցկության իմ ընկալումը: Միայն մի բան կարող եմ հաստատ ասել՝  ես անվերջ ու անհագ կարող եմ հիանալ բնության այդ հրաշքով…

Բայց ճշմարտության առաջ չմեղանչելու համար նաև պիտի ասեմ հետևյալը` բանը միայն այն չէ, որ ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ հայկական կակաչի նկատմամբ:  Մեղքս ինչ թաքցնեմ, ի սկզբանե «Հայկական կակաչը» հեռահար նպատակ է հետապնդել. կայքը որոշեցի այդպես կոչել, որպեսզի մեր կակաչը «փրկեմ» թուրքացումից: Բանն այն էր, որ միջազգային` Papaver Armeniacum անվամբ ծաղիկը համացանցին ծանոթ էր ոչ ավել, ոչ պակաս «Թուրքական կակաչ» անվամբ: Այսօր նույն այդ համացանցը նախ բերում է «Հայկական կակաչ» կայքի հայատառ տասնյակ էջեր, լուսանկարներ, հետո՝  հայալեզու Վիքիպեդիայի «Հայկական կակաչ» հոդվածը, նոր միայն ամենավերջում` թուրքալեզու մեկ-երկու գրառում: Ի դեպ, Վիքիպեդիայի այդ հոդվածը թարգմանվել է գերմաներենից (որ ասեին՝ չէի հավատա, որ նման բան հնարավոր է), բայց հոդվածը թարգմանել եմ գերմաներեն առանց որևէ բառ իմանալու:

Այս ամբողջ պատմության մեջ մի հավես բան էլ է նկատվում. հայկական կակաչը հավակնում է դառնալ…իմ բրենդը: Էլ չեմ ասում, թե ոնց եմ աշխարհով մեկ լինում, երբ իմ ընկերներից ու ծանոթներից կակաչների լուսանկարներ եմ ստանում:

Այսօր «Հայկական կակաչ» կրթամշակութային կայքն ունի իր ձեռագիրն ու ոճը, իր ընթերցողն ու օգտվողը: Կայքը վերջին 8 ամսվա ընթացքում ունեցել է 57 000 այցելու: Իսկ այսօր, խնդրեմ, հատեց 500 000-ի սահմանը: Դա, ինչ խոսք, տարիների շարունակական աշխատանքի արդյունք է և հետևանք:

Խոստովանում եմ` ֆիզիկական միջավայրում ես միշտ էլ չեմ գտել կամ մեծ դժվարությամբ եմ գտնում ինքնիրացման ուղիներ: Մեդիակրթության շնորհիվ ես ու իմ բլոգը ինքնարտահայտվելու- ինքնադրսևորվելու բացառիկ հնարավորություն ստացանք, մի բան, որը չէր տալիս ու շարունակում է չտալ ֆիզիկական միջավայրը: Ասածս ամենևին չի նշանակում, որ ես մեդիան գերադասում կամ փոխարինում եմ ֆիզիկական միջավայրում մարդկանց հետ շփման հետ: Երբե՛ք: Պարզապես ես այն կարծիքին եմ, որ պետք չէ այս երկու` իրար զուգահեռ  իրականության ձևերը միմյանց հակադրել: Վիրտուալ իրականությունը լրացնում, ամբողջացնում, ավարտին է հասցնում այն ամենը, ինչը մարդն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կամ չի հասցնում ավարտել ֆիզիկական միջավայրում: Երկուսն էլ իրական աշխարհներ են, ավելի ճիշտ` իրականության երկու սիրուն դրսևորումներ: Չհակադրելով հանդերձ` պետք է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք. մեդիան իր օրենքներն ունի և վաղ, թե ուշ պատրադրում է իրենը: Վիրտուալ դաշտը միանգամայն տարբերվում է ֆիզիկական միջավայրին բնորոշ հատկանիշներից, այլ են նաև աշխատանքի չափման գործիքները: Եթե ֆիզիկական միջավայրին բնորոշ են «ասել» և «անել» բայերը, ապա մեդիային` «ցույց տալը» և «ցուցադրելը»: Մեդիատիրույթներն ունեն իրենց գործիքները, որոնք միջոցով միանգամայն չափելի է դառնում իրականացրած աշխատանքը, կատարած աշխատանքի արդյունավետությունն ու որակը:

Խոսքը առաջին հերթին բլոգի հաշվիչի մասին է, որը շատ հաճախ անտեսում ենք: Հաշվիչը պարզապես գործիք չէ, որ ցույց է տալիս այցելուների թիվը: Այն ճիշտ օգտագործելու դեպքում կարող է դառնալ բլոգը վարող օգտատիրոջ թիվ մեկ օգնականն ու խորհրդատուն: Փորձեմ խոսքս հիմնավորել՝ ներկայացնելով իմ կատարած այն աշխատանքը, որը չի երևում կայքի այցելուին: Ո՞վ իմանա, մեկ էլ տեսար այն օգտակար եղավ ուրիշ մեկի համար:

Փորձելու եմ բլոգավարությունը ներկայացնել մինչ այժմ չուսումնասիրված տեսանկյունից: Խոսքը վերաբերում է բլոգի վիճակագրությանը ակտիվ հետևելը: Տարիների ընթացքում, ժամանակ առ ժամանակ, ոչ թե թռուցիկ նայել, այլև պարբերաբար գրանցել եմ այցելուների թիվը: Հետո հնարավորինս մանրամասնությամբ սկսել եմ ուսումնասիրել` ամսվա ընթացքում ո՞ր բաժինը կամ բաժիններն են ամենաշատը բացվում, հատկապես ո՞ր նյութը կամ նյութերն են ամենաշատը ընթերցվում, հատկապես ո՞ր երկրներից են այցելում, ո՞ր կայքերից են մուտք գործում, ո՞ր հեղինակի կամ հեղինակների նյութերն են ամենաշատը հավանումների (like) արժանանում, կիսում գրանցում (share) կամ ռեբլոգ (reblogարվում (reblogged բառի հայերեն համարժեքը հնարավոր չեղավ գտնել):

Եվ, եթե տարիներ շարունակ այս ամենին հետևելն ու եզրահանգումներն անելը բավական ժամանակատար ու աշխատատար էր, ապա այսօր այդ գործընթացն անհամեմատ հեշտացել է: Բանն այն է, որ կայքը հիմա այդ ամենը անում է ավտոմատ կերպով` ինքնաբերաբար: Վիճակագրության հետ կապված ցանկացած փաստ կամ թիվ կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում:

Վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո փորձում եմ անպայման հասկանալ, թե ինչո՞վ կարող էին ընթերցողին հետաքրքել այդ նյութերը կամ նյութերի հեղինակները: Մոտավոր պատկերացում կազմելուց հետո՝ հետագայում փորձում եմ բավարարել կայքի ծառայություններից օգտվող ընթերցողի պահանջը: Այլ կերպ ասած` ընթերցողն ինքն է դառնում պատվիրատու և թելադրում կայքի հնարավոր զարգացման ուղղությունները: Իսկ այն բաժինը և այն նյութերը, որոնք հաճախակի են բացվում, որպես կանոն, ժամանակի ընթացքում պարբերաբար լրացվում-մշակվում են և ներկայանալի տեսքի բերվում:

Իհարկե, շատ կարևոր է նաև այցելող ընթերցողի հետ անմիջական կապի մեջ լինելու հանգամանքը և նրանց թողած մեկնաբանությունները: Կայքը մինչ այժմ գրանցել է 4 508 կարծիք-մեկնաբանություն, որի կեսից ավելին տեղեկացնում է կայքից նյութեր տեղափոխելու մասին: Միայն այն, որ հենց օգտվող ընթերցողի խորհուրդ-առաջարկով են բացվել գլխավոր մենյուի բոլոր երեք՝ «Ծիսական տոնացույց»,  «Ծիսական օրացույց», «Ուսուցչի մեդիադարակ» բաժինները, կարծում եմ՝  վկայում է այդ համագործակցության օգտակարության մասին:

Եվ ընդհանրապես, միշտ պետք է հիշել հետևյալը` բլոգը ոչ միայն գրելու, այլ ավելի շատ՝ շփվելու հարթակ է: Ընդ որում, հարթակն այդ պահանջում է հնարավորինս անկեղծ և անմիջական լինել: Բլոգավարը ընթերցողի վրա առաջին հերթին ազդում է ոչ թե պաշտոնական տեղեկատվություն սփռելով կամ չոր ու ցամաք փաստեր ներկայացնելով, այլ իրենից ընթերցող ձգվող հուզական թելերով: Այդ առումով բացառիկ և առավել հաջողված, ավելին` երևույթ եմ համարում տիար Բլեյանի բլոգը:

Եթե ամփոփելու լինեմ` պիտի ասեմ հետևյալը. փաստորեն, բլոգավարության դեպքում գործում է նույն բիզնես օրենքը՝ «Եթե կա առաջարկ, ապա կա նաև պահանջարկ»: Ընդ որում, լուրջ մոտենալու դեպքում՝ առաջարկն էլ, պահանջարկն էլ կարելի է և լավ կլինի, որ ձևավորի հենց ինքը՝ օգտատերը: Որպես օրինակ կարող եմ բերել «Հայկական կակաչի»` ամենաշատ ընթերցվող «Թարգմանություններ» բաժինը, որի նյութերի միջոցով հայալեզու համացանցում պահանջարկ ձևավորվեց անծանոթ, բայց աշխարհում հայտնի հեղինակների և նրանց գործերի նկատմամբ:

Միշտ Ձեր` Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Բլոգավարություն բեմից այն կողմ` վարագույրի ետևում

  1. Уведомление: Բլոգավարությունը մեզանում կամ հետադարձ հայացք — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Բլոգավարությունը մեզանում կամ հետադարձ հայացք — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Оставьте комментарий