Նոյեմբերի 18-ին ես դարձա 50 տարեկան, և փաստն այդ, պարզվում է` վախենալու չէ, ավելին` շատ էլ հավես տարիք է:
Այսօր վստահաբար բարձրաձայնում եմ` ես հիմա այնպիսին եմ, ինչպիսին, հավանաբար, ուզեցել եմ լինել 20, 30, 40 տարեկան հասակում: Իսկ ինչպիսի՞ն եմ ես այսօր: Շփվում եմ նրանց հետ, ում գոյությունն ինձ համար ընդունելի է և հաճելի: Սիրում-գրկում եմ բոլոր նրանց, ում չգրկելն ու չսիրելը մեղք եմ համարում: Ինձ այլևս չեմ ստիպում ժպտալ նրանց, ում աստղս չի բռնում: Երախտագիտության նուրբ ու քնքուշ զգացում ունեմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր հարգում և գնահատում են ինձ: Վատին դիմակայում եմ, բայց արի ու տես, հիմա լավին եմ դժվարությամբ դիմանում: Լավ բան տեսնելիս հուզվում եմ, երբեմն էլ` թաքուն արտասվում:
Հիմա ես շատ ավելի բարի ու ներողամիտ եմ իմ հանդեպ: Առաջվա նման դաժան ու խիստ քննադատության ինձ չեմ ենթարկում, չեմ բռնանում իմ ու իմ արարքների վրա, ավելի համբերատար կերպով եմ տանում իմ օյիններն ու նազուտուզերը: Արդեն չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ` ինչ ասել է ափսոսալ, կասկածել կամ խանդել: Փառք Աստծո, նախանձ չեմ, երևի պատճառն այն է, որ կարողանում եմ ի սրտե հիանալ ուրիշներով և ուրախանալ նրանց հաջողություններով:
Հա, բաներ կան, որ տարիքի հետ կապված սկսել եմ մոռանալ, բայց հո ամենակարևորները մտահան չեմ անում կամ դեռ չեմ անում:
Կյանքի ընթացքում մեկ անգամ չէ, որ սիրտս կոտրվել է: Կոտրվել-առ ոչինչ եմ դարձել, երբ կորցրել եմ աշխարհի չափ սիրելի-պաշտելի մարդկանց: Կորստի ցավն ու տառապանքի մթամած-փշոտ ճամփեքի ապրումներս հետագայում ինձ օգնել են, թև ու թիկունք դարձել, որպեսզի կյանքն ըստ արժանվույն գնահատեմ: Կյանքն ապրել եմ այնպես, ինչպես կարողացել եմ, ինչպես որ հաջողվել է. երբեմն սայթաքել եմ, երբեմն ընկել ու ջարդուփշուր եղել:
Կարծում եմ` ինչքան մարդիկ մեծանում են, այնքան ավելի հեշտ ու դյուրին է դառնում անկեղծ ու շիտակ լինելը: Ասեմ` ինքնահաստատման մարմաջով չեմ տառապում: Հույս չունենաք` մեծամտանալու հետ էլ հեչ զահլա չունեմ. այն, ինչ ունեմ, ես ստացել եմ՝ փոխանցել են ծնողներս, ժառանգել եմ տատից—պապից, վերցրել եմ մի-մի արև-աշխարհներիցս` եղբորիցս և երեք քույրերից, իմ շրջապատի մարդկանցից ու գրքերից: Այս դեպքում ասացեք խնդրեմ՝ ո՞րն է խնդիրը: Ունեմ կայուն ինքնագնահատական, որն անկախ մարդկանց՝ իմ նկատմամբ ունեցած լավ կամ վատ վերաբերմունքից և կարծիքից, մնում է հաստատուն-անփոփոխ:
Բնավորությամբ և այտի փոսիկով նման եմ մորս: Մտավոր և ինտուիտիվ (ներըմբռնողական) ինչ-ինչ որակների համար պարտական եմ հորս: Ինքնադրսևորման և ինքնազարգացման համար չափազանց բարենպաստ է եղել և մնում աշխատավայրս` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Շնորհակալ եմ և խոնարհումս…
Միով բանիվ` հիմա ես ավելի թեթև ու ազատ եմ ապրում, և դա խենթացնելու չափ ինձ դուր է գալիս: Ասում ու անում եմ այն, ինչի մեջ գոնե մեկ հատիկ սեր եմ տեսնում, հենց չեմ տեսնում` ոչ ասում եմ, ոչ էլ անում: Բա վա՞տ է:
Գովազդ մեր եթերում
Փաստորեն ինձ դուր է գալիս 50 տարեկան լինելը և, որ ամենակարևորն է` ես ինձ եմ դուր գալիս: 50 տարին և դրանից հետո եկող տարիները, իմ խորին համոզմամբ, պարգև են և սքանչելի հնարավորություն: Չգիտեմ` դեռ էլի ինչքան կապրեմ, բայց մի բան հաստատ գիտեմ` սիրով եմ քայլում իմ կյանքի մայրամուտին ընդառաջ..
Ինչևէ, այսօր, վաղը և միշտ` խորին երախտագիտությամբ ընդունում եմ սեր, ժպիտներ, փայլփլուն աչքեր և պաչիկներ: Ողջ լերուք, սիրելիներս:
Կեսդարն ամփափող իմ այս գիրն ուզում եմ անպայման ավարտել աղոթքով:
Ծննդյան օրվա աղոթք
Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ խնամող եւ պահպանող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Օրհնիր այս իմ տարվա ընթացքը եւ զորացրու իմ հոգին, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից եւ իմ կյանքի մնացյալ օրերը անցկացնեմ բարեգործությամբ ու քո պատվիրանների համաձայն, աստվածահաճո եւ զգաստ կենցաղով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար, որպեսզի հոգիս փրկվի, ծնողներս մխիթարվեն եւ եղբայրներս ու բոլոր ընկերներս ուրախանան եւ օգտվեն, եւ քեզ Որդու եւ Ս. Հոգուդ հետ միասին վայել է փառք, իշխանություն եւ պատիվ:
Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից…
ԱՄԵՆ
Միշտ Ձեր` Նունե Մովսիսյան
Լուսանկարում` Երզնկայի Ապրանից վանքային համալիր (Դերջան)
Տիկին Նունե ջան…
НравитсяНравится
Ջանա…
НравитсяНравится
Уведомление: Շնորհակալ եմ, որ Դուք կաք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)