Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ Չարենց
Հոգևորն ու աշխարհիկը` Նարեկացի և Քուչակ
Միշտ է այդպես լինում` ամեն անգամ Էրգիր գնալուց առաջ ներսումս կամացուկ արթնանում, կենդանանում են ինչ-որ պատկերներ, գույներ, շշուկներ…: Զարթնում են` ինձ էլ հետները արթնացնելով, աշխույժով ու ոգևորությամբ լցնելով իմ ներսն ու դուրսը…
Ներսես Շնորհալու հետքերը, մի քանի ամիս առաջ, մեզ հասցրին Կիլիկիա` Հռոմկլայի բերդ, իսկ մեկ շաբաթ հետո կտանեն Վան. Գուրգեն Մահարու Վան` աննման ու ինքնաբավ Վան: Վանի Նարեկ և Խառակոնիս գյուղերում կփնտրենք հոգևորի և աշխարհիկի` Նարեկացու և Քուչակի հետքերը…
Նարեկացուն ես հետս բերել եմ մանկությունից: Հորական Սարգիս պապս Նարեկ էր կարդում: Երիտասարդ տարիներին Նարեկ է կարդացել գյուղի հիվանդներին բուժելու համար, իսկ հետո, երբ մեր տան հինգ երեխաներից մեկն ու մեկը հիվանդանում էր ու ջերմում: Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, որ մեզնից մեկն ու մեկը հիվանդանալիս դեղ խմած լինի: Պապիկը Նարեկը կարդում էր գրաբար: Թերևս դա է պատճառը, որ ինձ համար գրաբարն ու Նարեկը նույն արժեքն ունեն` երկուսն էլ բուժում են…
Կանցնեն տարիներ, արդեն որպես համալսարանի ուսանող կկարդամ Նարեկը, հետո գիրքն այդ իմ ձեռքում կհայտնվի ավելի հասուն տարիքում` իմ կյանքի ամենադրամատիկ պահերին և ես պարզորոշ կգիտակցեմ, որ. Եւ որքան մարթ է զմարդն Աստուծոյ`
Աստուծոյ նմանեցուցանել,
Երեսք պարզք եւ անպատկառելիք,
Կրաւնք բարձունք եւ անխոնարհելիք,
Կեանք զգաստք եւ անստգտանելիք,
Պաշտաւն առ Աստուած կարծր եւ անփոխարկելի,
Ընթացք արիականք եւ անկասելիք,
Ճշմարտութիւն միատարր եւ անցնդելի,
Դիմագրաւութիւն զաւրեղ եւ անհերքելի,
Տեսաւորութիւն պայծառ եւ անապշելի,
Իմաստասիրութին վերնական եւ անկոխելի,
Պատկեր մաքուր եւ անաղարտելի,
Զորոց կերպարանս եւ զյիշատակս անուանցն աղաչել
Աստուած իսկ վարդապետեաց,
Եւ նոքաւք հաճութիւն ի մէջ խռովութեան
Արարչիդ բան լուսաւորեաց:
Ասել է, թե` մարդն ինքնազարգացման շնորհիվ, այո՛, կարող է հասնել Աստծո փեշերին, ավելին՝ մարդը կարող է ընկերություն և բարեկամություն անել Աստծո հետ, նույնիսկ կարող է մասնակից դառնալ Աստծո գործերին, այսինքն` Մարդն իր ձիրքերով կարող է մոտենալ աստվածայինին, բայց… սա չի նշանակում, որ Մարդը կարող է Աստված դառնալ:
Այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ պիտի Մարդը ձգվի առ Աստված: Պատասխանը, առավել քան, հնչում է միանշանակ` որպեսզի մարդը կատարյալ լինի: Մարդը դեպի Աստված է ձգվում ոչ թե նրան գտնելու համար, որքան էլ տարօրինակ հնչի, բայց մարդը դրա կարիքը չունի: Մարդը Աստծո մեջ է, իսկ Աստված` մարդու մեջ: Փնտրել-գտնելու կարիք չկա ու չի էլ կարող լինել: Նարեկացին համարում է, որ մարդու ձգտումն առ Աստված «դեպի տուն» ձգտումն է: Ի դեպ, Նարեկացին հենց էդպես էլ ասում է` «Աստծո մարդը»: «Որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը՝ ամրացած բոլոր բարի գործերի համար»: Եվ, եթե մարդը ոչ թե փնտրում-գտնում է, այլ ձգտում-հասնում է Աստծուն, ուրեմն՝ նա արդեն տա՞նն է: Նա արդեն տա՛նն է…
Նարեկացին, իմ Նարեկացին ուրի՜շ է, միանգամայն ուրիշ: Նարեկացին իր բացառիկությամբ աննախադեպ է: Աննախադեպ է նաև այսօր: Նրա արածն առնվազն խենթություն էր և Է…
Կանցեն դարեր, երկա՜ր ու ձի՛գ դարեր, երկար ու մո՛ւթ դարեր և Վանում կհայտնվի մի նոր խենթ` Նահապետ Քուչակը: Նա մի կողմ կթողնի կրոնականն ու հոգևորը, անկենդանն ու հինը, կհորինի տաղի իր տեսակը` հայրենը և կսկսի գովերգել… աշխարհիկ սերն ու կնոջը:
Աչերդ է ծովէն առած,
եւ ուներդ է ի թուխ ամպէն.
Այդ քո պատկերքդ և սուրաթըդ
ի վարդին կարմիր տերեւէն.
Ուր որ դու կանգնած լինիս,
չէ պատեհ վառեն մոմեղէն.
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,
գէմ ելնէ մեռելն ի հողէն:
Այդ դարերի համար չտեսնված-չլսված մի բան…
Լուսի՛ն, պարծենաս, ասես՝
«Լոյս կու տամ ես աստընւորիս»,
Ահա հողեղէն լուսին
ի գըրկիս, երեսն՝ երեսիս,
Թէ չես աւտալ այս գերոյս,
յետ տանիմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լոյս պակաս տաս աստընւորիս:
Ու համարձակ կերգի այնքա՜ն բնական ու այնքա՜ն մաքուր, որ կթվա` հա՛ էլի, այդպես էլ պիտի լիներ…
Ով որ ճերմակ ծոց ունի,
թող կապոյտ շապիկ հագընի.
Կոճակն այլ արձակ թողու,
ով տեսնու՝ սըրտիկն արունի.
Խենթն այդ կապրի այնքան, որ զահլեն կգնա ապրելուց, կհավաքի գյուղացիներին գյուղի կենտրոնում ու կասի, որ ինքը հոգնել է երկար ապրելուց, հիմա բարձարանալու է գյուղի վանքի գմբեթի վրա ու իրեն գցելու է ներքև: Հետն էլ կպատվիրի, որ իրեն թաղեն այն տեղում, որտեղ ընկել է ու մեռնել: Գյուղացիները, կարծելով, թե կատակ է անում, չեն հավատա նրա խոսքին։ Իսկ նա, արի ու տես, իրոք կբարձրանա և ցած կնետվի։ Ընկած տեղն էլ` եկեղեցու պատի տակ, կթաղեն նրան: Դա կպատահի 1592-ին, Վանի Խառակոնիս գյուղի Ս. Թեոդորոս եկեղեցու բակում ( համենայն դեպս, այդ տարեթիվն է գրված շիրմաքարին):
Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ…
Հիմա կասեք` լեգենդ է: Թող լինի լեգենդ, բայց լեգենդն այդ շա՜տ է նման Նահապետ Քուչակին ու նրա արածին:
Եվ վերջում, ինչպես միշտ` առաջ Աստված:
Լուսանկարը` Էդգար Հարությունյանի
Նունե Մովսիսյան
Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Սեբաստացիական մեդիադարակ