
Հունիսի 29-ին ծնվել է ֆրանսիացի գրող Անտուան դե Սենտ-Էքզյուպերին: Էքզյուպերին հայ ընթերցողին ծանոթ է աշխարհում ամենաշատ կարդացվող գրքերից մեկով` «Փոքրիկ Իշխան»-ով:
«Հաճախ ժպիտն ամենագլխավորն է: Ժպիտով երախտագիտություն են հայտնում: Ժպիտով վարձատրում են: Ժպիտով կյանք են պարգևում: Եվ կա ժպիտ, հանուն որի պատրաստ ես մահվան գնալ»: Էքզյուպերի
«Ժպիտը» պատմվածքն ունի իրական հիմքեր: Էքզյուպերին որպես լրագրող մեկնում է Իսպանիա` ռեպորտաժ անելու: Այդ տարիներին Իսպանիայում մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը: Ճանապարհին նրան բռնում են և տանում բանտ, հետո որոշում են գնդակահարել: Էքզյուպերին բանտապահից լուցկի է խնդրում, ծխում և, չգիտես ինչու, ժպտում…
Ժպիտը
«Ես վստա՛հ էի, որ ինձ կսպանեն: Ես շփոթված էի և նյարդային վիճակում: Գրպաններումս ծխախոտ էի փնտրում` հույս ունենալով, որ մնացած կլիներ խուզարկությունից հետո: Ես գտա մի հատիկ: Իմ ձեռքերը այնպես էին դողում, որ ես մեծ դժվարությամբ մոտեցրի շուրթերիս, սակայն ինձ մոտ լուցկի չկար. վերցրել էին:
Ես վանդակաճաղերի ետևից նայեցի իմ բանտապահին: Նա անգամ չնայեց իմ կողմը: Ի վերջո, ինչին էլ պետք էր նայել մի բանի վրա, որը շուտով դիակ էր դառնալու: Ես դիմեցի նրան.
— Ձեզ մոտ կրակ կգտնվի՞:
Նա նայեց ինձ, թոթվեց ուսերը և մոտեցավ վանդակաճաղին: Երբ նա մոտեցավ և վառեց լուցկին, նրա աչքերը ակամայից հանդիպեցին իմինին: Այդ պահին ես ժպտացի: Չգիտեմ` ինչու այդպես վարվեցի: Հնարավոր է` նյադայնացած էի, հնարավոր է որ, երբ շատ մոտ ես մարդուն, դժվար է չժպտալը: Ամեն դեպքում, ես ժպտացի: Այդ պահին մեր երկուսի սրտերի միջով, մեր հոգիների միջով կայծի նման մի բան անցավ: Ես գիտեի, որ ինքը դա չէր ուզենա, բայց, երբ իմ ժպիտը ցատկեց-անցավ վանդակաճաղից այն կողմ, նրա շրթունքներին պատասխան ժպիտ երևաց:
Նա վառեց իմ սիգարետը, բայց միանգամից չհեռացավ, այլ մնաց ինձ մոտ` նայելով ուղիղ աչքերիս մեջ և շարունակելով ժպտալ:
Ես նույնպես շարունակեցի ժպտալ` նրան ընկալելով արդեն որպես մարդու, այլ ոչ թե բանտապետի:
-Դու երեխաներ ունե՞ս,-հարցրեց նա:
-Այո՛, այո՛, ահա՛: -Ես վերցրեցի քսակը և նյարդային կերպով սկսեցի փնտրել իմ ընտանիքի լուսանկարը:
Նա նույնպես հանեց կնոջ լուսանկարը և սկսեց պատմել, թե ինչ պլաններ ունի երեխաների հետ կապված, երբ նրանք մեծանան: Իմ աչքերը լցվեցին արցունքներով: Ես ասացի`վախենում եմ, որ էլ երբեք չեմ հանդիպի իմ ընտանիքին և, որ այլևս հնարավորություն չեմ ունենա իմ երեխաներին մեծացած տեսնելու: Նրա աչքերը նույնպես լցվեցին արցունքներով:
Անսպասելի, ոչ մի բառ չասելով, նա բացեց բանտախցի դուռը և լուռ հանեց ինձ այնտեղից, այնուհետև` գաղտնի դուրս բերեց բանտից և քաղաքից: Այնտեղ` քաղաքի ծայրամասերից մեկում, նա ինձ բաց թողեց: Հետո, առանց որևէ խոսք ասելու, շրջվեց և քաղաք վերադարձավ:
Ահա այսպես ժպիտը փրկեց իմ կյանքը»:
Աղբյուր` sobiratelzvezd.ru
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Էքզյուպերի» կայքէջին
Ինչպես նաև`
Հատվածներ «Միջնաբերդ» (Цитадель) գրքից
Հատվածներ «Ռազմական օդաչու» (Военный летчик) գրքից
Կոնսուելո Սանդովալ՝ Էքզյուպերիի վարդի նախատիպը
Уведомление: Անտուան դե Սենտ-Էքզյուպերի «Ժպիտը» | ArmBlog.org