Վախթանգ Անանյան «Ինչ տվել եմ, քոնն է»

Ananyan_V.S.-P002.jpg

Հուլիսի 26-ին ծնվել է գրող Վախթանգ Անանյանը։ 

«Ընդունի՛ր, ինչ թողել եմ կածանների վրա, անտառի ոսկի խաշամների մեջ, լեռնային լճի փրփրոտ ափին: Ինչ տվել եմ, քո՜նն է, ինչ պահել եմ սրտումս, նույնպես քո՛նն է: Ընդունիր հավատով, բարեկամ, և մի նեղանա քո ընկեր Վախթանգ Անանյանից»: «Սևանի ափին»

Հետաքրքիր բան է մարդկային հիշողությունը` աներևեկայելի ու անչափ զարմանալի: Երբեմն թվում է` այնքան ես ապրել, որ քեզ հետ կատարվածը ոչ էլ կապ ունի քեզ հետ կամ էլ ունի այնքանով, որքանով «Կյանք» կոչվող սերիալի գլխավոր հերոսը դու ես…

Արդեն քանի օր է` հիշողությանս փոշոտ գզրոցներից լողալով ինձ են մոտենում ու հեռանում պատկերներ, բառեր, հայացքներ, մարդիկ, գույներ, որոշակի հոտեր: (Գիտե՞ք, անցյալն էլ հոտ ունի, չէ ՛, հաստատ բան եմ ասում, ունի՛):

Ձեռքս թափ եմ տալիս հիշողություն կոչվող այդ աներեսի վրա, քշում, փախչում. հնար չկա, եկել է ու ինձ բաց չի թողնում ոչ գիշերները, ոչ էլ արդեն ցերեկը: Աչքիս սա ինձ բաց չի թողնելու, ճարս ինչ, պիտի ենթարկվեմ ու տեսնեմ` ինչ է ուզում շուրջս օր ու գիշեր պտտվող, չարուկ այս աղջնակը: Իսկ այդ աղջնակը ես եմ` պստլիկ մի մարդուկ, ում փողոցում, հետո նաև դպրոցում ճանաչում են «Չամիչ» կամ «Չամչուկ» մականունով: Ինքը աշխույժ, կրակի կտոր մեկն էր, ով մանկապարտեզին հազիվ երկու օր դիմացավ (մանկապարտեզն էլ` իրեն), և ով ստիպված էր «զրո» դասարան գնալ (տնաշեններն ինչ էլ անուն էին դրել), որովհետև մանկապարտեզ չգնալու պատճառով տառերը չգիտեր: Դպրոց ասվածն իր «զրոյով» հանդերձ`  ինձ շատ արագ ձանձրացրեց: Մեկ-երկու, փասափուսես հավաքեցի ու հայդե տուն, ասել է թե` դուք էլ, ձեր տառերն էլ…: Չօգնեց ոչինչ. ո՛չ մորս թախանձանքը, ո՛չ էլ անգամ հորս խստադեմ հայացքը (փաստորեն` էն գլխից եմ անուղղելի…):

Տան մեջ, հերթական անգամ չարություն անելիս («պահարան-անկողին-բազմոց» թռիչքուղի) հանկարծ աչքս բռնում ու համառորեն բաց չի թողնում մի գիրք: Թռվռում եմ, որ հասնեմ գրապահարանին, չի ստացվում: Ստիպված ձեռքից բռնում ու այգուց սենյակ եմ քարշ տալիս պապիս: Պապս ( օղորմի քեզ, Սարգիս պապ, հազար օղորմի) լուռ ու հնազանդ գալիս է, վերցնում է գիրքը, կարդում վերնագիրը՝  Սևանի ափին», հեղինակ՝  Վախթանգ Անանյան:

Գիրքը տալիս է ինձ, հետն էլ խորամանկ ժպտում ու ասում.

-Ափսո՜ս, դու չես կարող իմանալ` ինչ կա գրքի մեջ գրված, որովհետև տառերը չես ուզում սովորել:

Ու, քանի որ շատ եմ ուզում իմանալ, թե ինչ է թաքնված այդ գրքի մեջ, քիչ ավելի ուշ մոտենում եմ պապիս.

-Պապի՛, ա՜յ պապի, դու տառերը գիտես, չէ՞, ինձ կսովորեցնե՞ս: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է գրված այս գրքի մեջ:

Պապս համաձայնվում է, բայց մի պայմանով` ես պետք է դպրոց գնամ: Ստիպված եմ համաձայնվել: Գնում եմ դպրոց, բայց վայ էն գնալուն: Մի կերպ դիմանում եմ, դասերից հետո վազում տուն, պայուսակս շպրտում ուր պատահի, վերցնում եմ պապիս հացն ու բռնում դաշտի երկար ու ձիգ ճանապարհը: Հասնում եմ տեղ, ես ու պապս միասին հաց ենք ուտում, ու սկսվում է դասը. աստվա՜ծ իմ, աշխարհի ամենասիրուն, ամենաճիշտ, իմ ամենա-ամենադասը…: Պապս հողի վրա փայտի կտորով գրում է տառերը, ես ուշադիր նայում եմ, հետո տառերն այդ գրում-ջնջում եմ իմ բաժին հողե գրատախտակին, իսկ երեկոյան ինձ հետ տուն եմ բերում մեր տառերը` արևոտ, դաշտի հոտով, հողե ու հողեղեն իմ տառերը…

Մի քանի ամսում սովորում եմ բոլոր տառերն ու, որպեսզի շատ չձանձրանամ դասարանում, սկսում եմ խանգարել դասարանցիներիս: Ուսուցիչս զարմանքով հայտնաբերում է, որ ես գիտեմ տառերը, բռնում է ձեռքիցս, տանում տնօրենի մոտ ու գլուխը ինձձնից պրծացնելու համար պատճառաբանում է, որ ես պետք է տեղափոխվեմ առաջին դասարան, որովհետև անելիք չունեմ «զրո» դասարանում: Երկրոդ կիսամյակից սկսում եմ գնալ առաջին դասարան: Հա՞ որ…

Հիշո՞ւմ եք, չէ՞, ինչու սովորեցի տառերը: Ճի՛շտ եք, որ կարդամ «Սևանի ափին»: Սկսում եմ կարդալ, շատ մեծ դժվարությամբ, բայց կարդում եմ: Մինչև տարեվերջ ավարտում եմ «Սևանի ափին» ու նորից սկսում խանգարիչ գործունեություն ծավալել: Այս անգամ էլ այս ուսուցիչն է բռնում ձեռքս, ու ես` «մեղավորս», մի տարվա մեջ երկրորդ անգամ եմ հայտնվում դպրոցի տնօրենի`  Գևորգյան Վանուշի մոտ: Նա ամեն առավոտ դպրոցի բակում ինձ դիմավորում էր, որ ետ չփախչեի տուն, պայուսակս վերցնում էր, որը ճիշտ իմ հասակին էր, և մենք խաղաղ զրուցելով` քայլում էինք մինչև իմ դասարան (փաստորեն, ինձ էն գլխից են երես տվել..):

Պարզվում է` առաջին դասարանում էլ անելիք չունեմ, ու ես սեպտեմբերից հայտնվում եմ երկրորդ դասարանում: (Մեղքս ինչ թաքցնեմ, դրանից հետո ինչքան էլ խանգարեցի, ոչինչ չօգնեց, և ես ստիպված եղա դպրոց գնալ ևս ինը տարի):

Այս ամենը գրեցի, որ Քեզ` Վախթանգ Անանյան, ասեմ հետևյալը. այն, ինչ ինձ տվել ես, իմն է, ինձ հետ է, իմ մանկության անբաժանելի մասն է ու իմ սրտում է, քո տվածն ընդունում եմ հավատով, սիրով ու երախտագիտությամբ: Քո «Սևանի ափին»՝  իմ կարդացած առաջին գիրքը, այնքա՜ն թանկ ու սիրուն հիշողություններ ունի իր մեջ ամփոփած, որ համարձակությունս այդպես էլ չներեց երկրորդ անգամ կարդալու․․․

Վախթանգ Անանյան, շնորհակա՛լ եմ, բարեկա՛մ, տարիներ անց հուզելու և մանկության սիրուն հուշեր արթնացնելու համար․․․

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Վախթանգ Անանյան «Ինչ տվել եմ, քոնն է»

  1. Уведомление: Սևանա լիճն ինքն իրեն կբուժի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s