Շնորհակա՛լ եմ, Էրգիր

Հիշում եմ, տարիներ առաջ, երբ առաջին անգամ ոտք դրեցի մեր պապերի երկիր` ​Էրգիր, մտքումս անընդհատ ու անընդմեջ պտտվում էր «Էրգիր, ներիր, եթե կարող ես», իսկ այս անգամ` «շնորհակա՛լ եմ, Էրգիր»:

Հենց սկզբից ասեմ` ես Էրգիր չեմ գնում միայն կորսված հայրենիք տեսնելու համար: Էրգիր միշտ էլ գնացել եմ ինքնությանս ետևից` իմ ներսում ինչ-ինչ բաներ ճշտելու-հասկանալու, գտնելու-վերագտնելու և հայացք փոխելու համար:

Էրգի՛ր, շնորհակալ եմ, որ ընդունեցիր ինձ, թույլ տվեցիր անցնել` հոսելով Քո միջով ու դուրս գալ հոգեպես է՛լ ավելի հարստացած, է՛լ ավելի ամուր դարձած, մաքրված ու օրհնություն ստացած…

Շնորհակա՛լ եմ, որ օգնեցիր գտնել ինձ ու գտնել քեզ…

Էրգի՛ր ջան, շնորհակալ եմ նաև քո պատճառած ապրումների, հուզմունքի ու արցունքների համար, որ անկախ իմ կամքից և իմ ցանկությունից, երբեմն-երբեմն հոսել են (ոչ էլ ամաչում եմ խոստովանել): Վերջին անգամ այդպես լուռ ու ծածուկ արտասվել եմ օրեր առաջ` Մշո Սուլթան (Մեծ) սուրբ Կարապետից հեռանալուց հետո: Նախորդ ուխտգնացությունների ժամանակ, ինչ-ինչ պատճառներով, չէր ստացվում տեսնել Մշո Ս. Կարապետը: Ու գիտե՞ք` ինչն էր հետաքրքիր` փոխանակ տխրելու, ամեն անգամ ներքուստ ուրախանում էի: Այն ժամանակ չէի կարողանում բացատրել` ինչու, հիմա կարող եմ:

Նախ` մի քանի բան Մշո Ս. Կարապետ մասին: Ըստ ավանդության, այստեղ է ամփոփված Գրիգոր Լուսավորիչը: Ս. Կարապետը չի եղել միայն եկեղեցի կամ տաճար, այն եղել է մի քանի եկեղեցիների և տաճարների ամբողջություն: Նվիրական այդ սրբավայրը եղել է ամենագեղեցիկը, ամենաընդարձակը և ամենանշանավորը: Արևմտյան Հայաստանում ունեցել է նույն արժեքը, ինչ Էջմիածնի Մայր տաճարը`​ արևելահայերի համար: Ունեցել է հինգ մատուռներ և տասը խորաններ։ Խորանների աջ կողմում եղել են վեցից յոթ մետր բարձրությամբ խաչքարեր` զարդարված պատկերնեով, դրվագներով ու քանդակներով: Բեմի ներքևը զարդարված է եղել հինգ մարմարյա արձանագրություններով պատված խաչքարերով: Զանգակատունը եղել է շքեղ և մեծ, կախված են եղել չորս մեծ զանգակներ, որոնց ղողանջները լսելի են եղել Մուշի դաշտի հեռավոր վայրերում։ Տարոնի աշուղները երգում էին..

Լուսավորիչը ժողվեց դիվան՝ լցեց զնդան.
Կաղ դեն եկավ ասաց. «Յաման,
Զիս մի դներ զնդան։
Ես կեղիմ սուրբ Կարապետու փոշեհան…։

Երբեմնի հզոր, շքեղ, ազդեցիկ, վիթխարի եկեղեցական համալիրը այսօր բառացիորեն ձուլվել է Չենգելի գյուղի տների, տներին կից կառույցների, գոմերի, ցանկապատերի մեջ: Բզիկ-բզիկ արված և ծվեն-ծվեն եղած Մշո Ս. Կարապետի ավերակների մնացոդներին կարելի է հանդիպել ամենուր. տասնյակ մետրեր հեռու` մեկի գոմում, մյուսի հացատան ներսում, երրորդի տան մի անկյունում, չորրորդի այգու ցանկապատի մեջ:

Այն ամենը, ինչ տեսա, վեր էր իմ ունեցած պատկերացումներից, տրամաբանությունից և երևակայությունից. Մշո ս. Կարապետը միաժամանակ և՛ կար, և՛ չկար, և՛ ներկա էր, և՛ բացակա, և՛ իրական էր, և՛ տեսիլք: Ցնցող երևույթ էր` մինչ այդ ինձ երբևէ չհանդիպած:

Իսկ, երբ Քարքե լեռան վրայից` ​Մշո Ս. Կարապետի մոտից իջնում էինք ցած` ներքևում փռված Մուշ քաղաք, վերջապես հասկացա, թե ինչ կապ ունեն Մուշն ու մշուշը: Պատկերացրեք միայն` արևային պայծառ եղանակ, երկինքը բաց կապույտ, ոչ մի կտոր ամպ, բայց վերևից քաղաքն ամբողջությամբ թաղված է այնպիսի խիտ մշուշի մեջ, որ տները հազիվ են նշմարվում, իսկ, երբ արդեն քաղաքում ես, մշուշի հետք անգամ չկա, ուղղակի չկա, չի եղել և վերջ: Իսկական կախարդանք…

Մշո Ս. Կարապետից հեռանալիս համառորեն ինձ բռնել ու բաց չէր թողնում մի միտք: Կարելի է մեր պետական այրերին, հենց այնպես, ուղղակի, ճամփորդության տանել հենց Մշո Ս. Կարապետ: Ոչինչ չասել, ուղղակի տանել, ցույց տալ այն ամենը, ինչ մնացել է երբեմնի հզոր այդ կառույցից և հետ բերել տուն` Հայաստան: Հետևությունները թող իրենք անեն: Մեկ էլ տեսար հասկացան և գիտակցեցին, թե ինչ կարող է պատահել, երբ անձնական կամ կուսակցության շահերը գերադասվեն պետության շահից…

Հիմա դառնանք մեկ այլ ցավոտ թեմայի` մեր հասարակությանը: Քանի դեռ մեզանում (ինձնից սկսած) գերակայում է ինքնահավանությունը` տեղը զիջելով ինքնաքննադատությանը և առողջ քննադատությանը, քանի դեռ չենք դադարել մեղավորներ փնտրել-գտել մեզանից դուրս (մեղավոր են բոլորը, բայց ոչ ես), քանի դեռ դասեր չենք քաղել մեր անցյալից և համապատասխան հետևություններ չենք արել, քանի դեռ պետության ներսում իրականացվում է «յուրայիններ և ոչ յուրայիններ» կործանարար քաղաքականությունը, քանի դեռ հանդուրժողականություն չկա բազմակարծության և այլախոհության հանդեպ, քանի դեռ ազգի հարցերը լուծվում են «հայրենասիրական» համարվող երգեր լսելով, բաժակաճառեր ասելով և «լոլոներ կարդալով», քանի դեռ մեզանում գերիշխողը նեղմտությունը, չտեսությունը (մշեցի տատս կասեր` գյոռմամիշ) և լաց լինելու աստիճան պրիմիտիվ մտածողությունը, քանի դեռ մեր միչպետական և ներքին ճանապարհները անմխիթար վիճակում են, քանի դեռ հանրային երթևեկությունը մարդու կյանքի համար շարունակում է մնալ վտագավոր, իսկ հասարակական տրանսպորտը` մարդկային արժանապատվությունը վիրավորող, ապա վստահաբար կարող եմ պնդել` մենք կիլոմետրերով հեռու ենք քաղաքակրթությունից էլ, հաջողություններ ունենալուց էլ:

Հա՛, լավ հիշեցի: Մի բան էլ ասեմ: Ես վարորդությունից հեռու մեկն եմ, ճանապարհային երթևեկության նշաններից էլ գլուխ չեմ հանում, բայց Թուրքիայում տեսածիս օրինակով ինձ թույլ կտամ մեկ-երկու դիտարկում անել. անվտանգությունը ապահովում են որակյալ, լայն ճանապարհները և երթևեկության նշանների տեղադրումը ճիշտ տեղերում: Ի դեպ, այդքան գնում-գալիս եմ, բայց համառորեն չեմ հիշում, որ հանդիպած լինեմ ավտովթարների, արագաչափերի, ճանապարհային ոստիկանների, կարմիր գծերի: Փոխարենը միշտ և ամենուր տեսնում եմ հին ու նոր` լայնացող, ավելի լայնացող, էլ ավելի լայնացող ճանապարհներ:

Իսկ հիմա ամենակարևորի մասին: Ուզում եմ, որ մենք վերջապես ուժ գտնենք ու գոցենք անցյալ կոչվող իրականության դռները, որ վերջապես ձերբազատվենք էդ գրողի տարած խեղճուկրակությունից ու երազկոտությունից, որ վերջապես մեր պատմությունն ընդունենք առանց ավելորդ զգացմունքների ու հույզերի:  Հա, հենց էլ որպես ի գիտություն առ այն, որ: Որ չերկնչենք ուղիղ նայել մեր պատմության ամենամեծ Ցավի աչքերին ու արժանապատիվ տեր լինենք այդ ցավին` առանց ուրիշներին մեղադրելու ու դատապարտելու, որ վերջապես հասկանանք ու ընդունենք` այս հողը նույնքան նվիրական է, որքան մեր պապերի Էրգիրն էր: Այս հողի մեջ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցը: Այստեղ են Էջմիածինն ու Երևանը: Այստեղ մեր խոնարհված վանքերն ու խաչքարերն են, որոնք նույնքան խնամքի կարիք  ունեն, որքան Արաքսից անդին գտնվող հուշարձանները:

Սիրենք ու կարոտենք, գնահատենք ու շենացնենք մեր իրական հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը: Կուզեի, որ մեր իրական հայրենիքը` այս Հայաստանը, վերջապես գերադասենք մեր պապերի երկրից: Նրանք`դիադինցի հողագործ Մովսեսն ու մշեցի իշխան Վարդանը, իմն են այնքանով, որքանով իմն է հիմա նրանց ծննդավայրը` էրգիրը: Մեծագույն հարգանք ունենալով իմ նախնյաց հիշատակի առաջ` ես փակում եմ անցյալ կոչվող չիրականության դռները:

Իմ հայրն ու մայրը այստեղ են ծնվել: Ես այստեղ եմ ծնվել: Իմ հայրենիքը սա է: Սա՛ է մեր հայրենիքը:

Շնորհակալ եմ, Էրգիր, որ օգնեցիր այս ամենը զգալ ու հասկանալ…

Նունե Մովսիսյան

Լուսանկարում` Մշո Սուլթան սուրբ Կարապետ վանքն է

Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ «Էրգիր» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

6 отзывов на “Շնորհակա՛լ եմ, Էրգիր

  1. Уведомление: Մեր գրականության Վանը — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Սեբաստացիական մեդիադարակ

  4. Уведомление: Դիադինի հրաշալիքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Սուրբ Ծննդյան հեքիա՞թ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ապրիլքսանչորսյան մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s