Ապրիլքսանչորսյան մտորումներ

vanԵրբ  մշեցի Արմանուշ տատս ասում էր բաներ, որոնք լավ կլիներ՝ չասեր, միշտ խոսակցության վերջում ավելացնում էր.

-Մեղ եմ՝ մեղ դրեք:

Ասել կուզի՝ եթե մեղավոր եմ, մեղադրեք:

Հա, հենց էլ ասելու եմ բաներ, որոնք լավ կլիներ, որ չասեի ու վերջում էլ տատիս նման վերջացնելու եմ.

— Եթե մեղավոր եմ, մեղադրեք:

Չեմ էլ թաքցնում, ես ո՛չ ուզում եմ, ո՛չ էլ կարող եմ անտարբեր լինել իմ ապուպապերի ծննդավայրի՝ դիադինցի Մովսեսի ու մշեցի Վարդանի երկրի՝ Արևմտյան Հայաստանի հանդեպ: Հրանտ Դինքը կասեր՝ որովհետև մեր հոտը այս հողերի մեջ է:

Ավելին ասեմ՝ հայաստանյան անցուդարձին ծանոթանալուց հետո, ամեն աստծո օր՝ քնելուց առաջ, ծանոթանում եմ Թուրքիայում տեղի ունեցածին:

Որ հետայսու անկարող եմ անտարբեր լինել իմ պապերի խորոտ Էրգրի հանդեպ, պարզորոշ զգացի ու հասկացա, երբ իմ աչքով տեսա այն…:  Ինչևէ, թող Աստված եղածը պահի: Սա այլ խոսակցություն է, ուստի և՝ չշեղվենք:

Տարվա մեջ մի օր՝ ապրիլի 24-ին, մենք՝ հայերս, հիշում ենք, որ հայրենիք ենք կորցրել ու պահանջում ենք, որ մեր հողերը տան մեզ: Հա, հենց ըտենց: Դնեն սկուտեղի մեջ, վարդերով զարդարեն ու բերեն, մատուցեն մեզ: Բա ո՞նց, պարտավոր են: Չմոռանա՞մ հանկարծ՝ սկուտեղը մատուցելուց առաջ լավ կլինի, որ մեր հողերը մաքրեն էրգրի այսօրվա բնակիչներից՝ քրդերից: (Ի դեպ, Թուրքիայի տարածքի  քրդաբնակ գյուղերը տեսնելուց հետո միայն հասկացա տատիս «յուրդըդ չըբըլի» ու «քրդի լամուկ» արտահայտությունները):

Թուրքերին ու քրդերին հանգիստ թողնենք, դառնանք, գանք Հայաստան ու …շարունակենք մեր դարդով տապակվել: Ու, քանի դեռ էդ դարդախառն տապակվելուց վերջնականապես չենք վառվել-իրիցել, մի հարց տամ:

Հարց

— Արդեն 100 տարի է՝ լաց ենք լինում ու մուրիկ-մուրիկ ման գալիս, օգո՞ւտ ունենք:

Պատասխան

-Չէ՛:

Հարց

— Բա որ չէ, հիմա ինչ ենք ուզում, ումից ենք ուզում, ինչի ենք ուզում, որ ինչ ենք ուզում: Ուզվո՞ր ենք, հա՞, էդ որ մի ուզվորին են հարգում, հը՞ն…:

(Ոնց որ նյարդերս տեղի են տալիս: Տատ ջան, օղորմի քեզ ու քո անցավորած, արի կլինի դու պատասխանիր):

Արմանուշ տատիս պատասխանը

— Ծըծղալու չափ լալու բան է… : Հե՜յ, գիդի հա, ի՜նչ ես կորցրել, ի՜նչ ես ման գալիս…: Գործդ արա, այ ջանըմ, գործդ…

Բա՞…

Լավ, անցնենք առաջ:

Տարվա մեջ մի օր՝ ապրիլի 24-ին, մենք՝ հայերս, հիշում ենք, որ մեր հարևանի հետ փակ սահման ունենք: Է՜, որ ասում եք, էդ սահմանը բացվո՞ւմ է, հա՞:

Այ հիմա բռնելու եմ էդ սահման ասվածի պոչից ու վերջապես ասելու եմ էն, ինչն էլ հենց ուզում եմ ասել:

Հիմա Երևանում նստել, Ձեզ հետ խոսում եմ, ու հետն էլ մտքով թռել, հասել եմ Թուրքիայի սահման: Բարով-խերով անցա սահմանը, անցա չէ՞, նշանակում է, ըստ էության, սահմանը հեչ էլ փակ չի: Հասել եմ Չարենցի ծննդավայր՝ Կարս, հիմա քայլում եմ իմ Մովսես ապուպապի քայլած Դիադինի դաշտավայրով, այ հիմա Անիիում եմ: Հետո կգնամ ինձ այդքան հուզմունք պատճառած Վարագավանք, կզմայլվեմ Վանա լճի փիրուզով, ինձ ու ինձ կհիանամ ափի երկայնքի մաքրությամբ, հեչ չեմ ուզի, բայց կհիշեմ Սևանա լճի անմխիթար ափերը: Հետո կբարձրանամ Վանա Միջնաբերդ, մեկ անգամ ևս կվերապրեմ երբևէ իմ տեսած ամենաչքնաղ երևույթը՝ Վանա լճի մայրամուտը..

Դե, հիմա ասե՛ք, էդ ո՞նց եղավ, որ Սևանա լիճը իմն է, բայց Վանա լիճը իմը չի, Արագածն իմն է, իսկ այ, Արարատն արդեն իմը չի, Գյումրին իմն է, բայց, չգիտես ինչու, Անին իմը չի: Ի՞նչ է, պիտի շոշափե՞մ, որ նոր իմը դառնա՞ն: Պիտի գան, հերթով մտնեն ՀՀ-ի սահմանի մեջ, որ նոր սկսեմ սիրե՞լ: (Կարելի է ենթադրել՝  ՀՀ-ի տարածքում եղածների գլուխները յուղ ու մեղրի մեջ ենք պահում: Լավ էլի, ա՛յ ժողովուրդ…):

Չէ՜, կներե՛ք, ես էդպես չեմ մտածում:

Էդպես չեմ մտածում, որովհետև այն ամենը, ինչ կա իմ ներսում՝ իմն է ու ոչ մեկն էլ այն չի կարող խլել ինձնից (խլեք, տեսնեմ, ոնց եք է՜ խլելու): Էս գլխից ասեմ՝ չե՛ք կարող:

Ու իմը կլինեն այնքան ժամանակ, քանի ես կամ, ապրում եմ իմ՝ սահմաններ չճանաչող ու չհանդուրժող անհանգիստ մտքի հետ միասին…

Ասելիքս ասացի:

Ես՝ մշեցի Ասլանանց Վարդան իշխանի ծոռս, իմ Արմանուշ տատի նման վերջում ասում եմ.

-Եթե մեղավոր եմ, մեղադրեք:

Նունե Մովսիսյան

Լուսանկարում՝ Վան քաղաքի  համայնապատկերն է (անձնական արխիվ)

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

11 комментариев на «Ապրիլքսանչորսյան մտորումներ»

  1. Հոգիդ սիրեմ Տիկին Նունե ջանննննննննն

  2. Վա՜յ, քո «յուրդը չըբըլի»՝ կասեր մայրս, Նունե ջան: Ինչ լավն են մեր ծնողները, ինչքան բան ունենք սովորելու նրանցից: Հուզեցիր, շնորհակալ եմ, իմ ընկեր:

  3. Уведомление: Հիշողությունն էլ  գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Վանի պարետը՝ Արտավազդ Թումանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Նունե Մովսիսյան:

    «Այո, մենք՝ հայերս, այս հողերու վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են: Սակայն մի անհանգստացեք, ոչ թե այս հողերը վերցնելու-տանելու, այլ այս հողերու խորքն անցնելու համար»: Հրանտ Դինք

  8. Уведомление: Ցավն այս քննարկման ենթակա չէ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s