Ժամանակակից հունական պոեզիա

odiseas-elitis1 (1)

Օդիսսեաս Էլիտիս (1911-1996)-հույն բանաստեղծ, նոբելյան մրցանակի դափնեկիր (1979 թ.): 

«Եվ այս տարվա ձեր որոշումը՝ նոբելյան մրցանակով պարգևատրել հանձին ինձ մի փոքրիկ երկրի պոեզիա, ցույց է տալիս, թե որքան ներդաշնակ կարող է լինել մասնակին ընդհանուրի հետ արվեստում, և այն, որ արվեստը միակ ուժն է աշխարհում, որ պահպանում է համամարդկային արժեքները մեր օրերում»:

Ուղենիշներ

Բացակայության մթնոլորտ

1

Բոլոր ամպերը երկրին խոստովանվեցին
և նրանց տեղը թախիծն իմ գրավեց

և երբ մազերի մեջ իմ թախծեց
չապաշխարած ձեռքը
կապվեցի կարոտի հանգույցով:

2

Ժամը մոռացվեց երեկոյանալով՝
առանց հիշողության
ծառի հետ անձայն
դեպի ծովը
մոռացվեց երեկոյանալով
առանց թռիչքի
բարձրության հետ անշարժի
դեպի ծովը
երեկոյանալով
առանց սիրո
բերանի հետ անատամ
դեպի ծովը

Եվ ես՝ Խաղաղության մեջ, գայթակղվեցի:

3

Կեսօրը
և միապետական առանձնությունը նրա
և քամիների մտերմությունը նրա
և խիզախ հմայքը նրա

Ոչինչ չի գալիս, որ ոչինչ
չգնա

Բոլոր ճակատները մերկ

Եվ զգացմունքի համար մի բյուրեղապակի:

Երկրորդ բնություն

1

Ժպիտ: Արքայադուստրը ցանկաց,
որ այն ծնվի նռնենիների տոհմածառի տակ:

2
Ժամանակը արագընթաց ստվերն է թռչունների,
Իմ լայն բաց արած աչքերը նկարներիս միջի

Տերևների գերկանաչ երջանկության շուրջ
թիթեռները մեծ արկածներ են ապրում
Նաև՝ անմեղություն

Մերկանում է նրա վերջին սուտը

Քա՜ղցր արկածներ, քա՜ղցր

Կյանքը:

3

Էպիգրամ

Նախքան իմ աչքերը դառնալը լո՜ւյս էիր,
Նախքան իմ սերը՝ սե՜ր,
Եվ երբ քեզ համբույրն իմ գերեց՝
Կի՜ն

Յոթ գիշերային էպտոգրամներ

Ι

Երազներ և երազներ եկան
հասմիկների ծննդյանը
Գիշերներ և գիշերներ՝ ճերմակ
անքնություններին կարապների

Զեփյուռը ծնվում է տերևների մեջ
ինչպես անծայրածիր երկնքում
բյուրեղյա զգացմունքը:

II

Մեղմասիրտ աստղազարդ գիշերները լռությունը բերեցին
և լռության ետևում՝ մի մեղեդի կողմնակի՝
սիրերգային,
անցյալի հնչյուններ հմայիչ

Մնում է այժմ ստվերը, որ չքանում է
և խելագար հավատը նրա
և անբժշկելի մռայլությունը նրա – այնտեղ:

III

Նոճիները բոլոր կեսգիշեր են ցույց տալիս
Մատները բոլոր՝
լռություն

Երազի բաց պատուհանից դուրս
կամաց-կամաց սփռվում է
խոստովանությունը՝
ինչպես սահմաններն են ձգվում դեպի աստղեր:

IV

Մի ուս մորեմերկ
ինչպես ճշմարտություն.

Վճարում է իր ճշգրտությամբ
սահմանին այս երեկոյի,
որտեղ թափառում է մեն մենակ
իմ կարոտախտի
թախծուն կիսալուսնի տակ:

V

Անպաշտպան գիշերը գրավվեց հուշերով
սև
կարմիր
դեղին

Բաց թևերը նրա լցվեցին քնով
Սեթևեթ մազերը նրա՝ քամիներով
Աչքերը՝ լռությամբ:

VI

Անըմբռնելի գիշեր՝ դառը առանց վերջ
կոպեր անքուն
մինչ հեկեկոցը, այրվում է ցավը
և մինչ կշռվի, դառնում է քաոս,

դարան մահամերձ,
անօգուտ դեգերումների շարք՝
պարտվելով բախտի ոտքերի առաջ:

VII

Լուսնի պսակը գիշերվա ճակատին,
երբ տարածվում են ստվերները մակերեսին
գործողության

Եվ ցավը՝ չափված ամենաորս ականջով
ակամա հոսում է
գաղափարի մեջ այն, որ ծնվեց մելամաղձիկ
լռակյացությունից:

Պատուհան դեպի հինգերորդ դարաշրջան

I
Գիտե՞ս վարսերն այն, որ քամի են գծագրում, հայացքներն այն,
որ ժամանակին են զուգահեռվում, լռությանը այն, որ ինքն իրեն է զգում:

Ու դու-գիշերային մի հայտնություն, որ դուր է գալիս
անձրևային հայտնություններին, որ դուր է գալիս եռակայմ թռիչքին ծովի:
Դու-անհասանելի հնարավորություն, որ հենց խորտակվում է,
վերելք է ապրում: Փոթորիկ ես ամենահաղթ:

Ա՜խ, ուզում եմ՝ գան հույզեր, որ գայթակղել գիտեն: Կեսճամփին
պատճառաբանությունների իմ կօրհնվեն տրամադրության վայրիվերումները նրանց:
Եվ երբ մեծանան դեպ ի վեր մատանիները, հանկարծակի երկինքը կստանա
գույնն իմ նախավերջին մեղքի

գայթակղվելով նաև միայնակ խոսքերից այս:

II
Մի աղմուկ ավարտվում է լսողության սահմանին: Մի թեթևամիտ
կայծակ նետվում է երիտասարդ կրծքի վրա, որտեղ սպառում է անմեկնելի
փայլատակումն իր:

Ցանկությունն ունի շատ բարձր հասակ և իր ափերի մեջ
այրում է բացակայությունը:
Ցանկությունը ծնում է իր ճամփան, ուր ուզում է քայլել: Հեռանում է…
Եվ մի ազգ նրա ուղղությամբ ձեռքերով վառում է հիացմունքի ավարը:

III
Ի՜նչ գեղեցկություն. ստացել է ձևն այն մտքի, որը զգացել է,
երբ զգացել է, որ իրեն է ձոնված…

IV
Խաղողի այգիներում, որ չունեն տարիք, թաքնվեցին ամառային
հուսալքություններն իմ: Մի տատանում երազի տարավ թողեց դրանք այնտեղ.
առանց հարցնելու: Կույր ցանցերում իր պայթյունավտանգ պտույտն արեց
պարսը մեղուների: Բերաններին գույներ առան հեռացան ծաղիկներից:
Ջրերը առավոտ ծեգին դադարեցրին զրույցներն իրենց գիշերային գաղտնի:
Որպեսզի ոչինչ այլևս չիմացվի:
Եվ սակայն անտեսված բլրակի ետևում այդ մի զգացմունք կա:
Արցունքներ չունի, ոչ էլ խիղճ:

Չի հեռանում չի վերադառնում:

Մի ցանց անտես պահում է ձայնն այն, որ քնեցրել է շատ ճշմարտություններ:
Իր ընթրիքի նարինջների արանքում սահում է երկմտանքը:
Փչում է անհոգ բերանով: Տոնը նրա փայլեցնում է
ցանկալի հարթությունները: Կարող է ցանկացած ոք հավատալ անգամ
ինքն իրեն: Զգա ներկայությունը հաճույքի ինչպես իր աչքերի
դուստրերի մեջ: Աչքերի, որոնք ծորում են սիրուց:

Հունարենից թարգմանեց Շուշան Կարապետյանը

Աղբյուրը`  Գրանիշ

Նոբելյան բանախոսություն (հատված, 1979)

Գեղեցկությունը բաց ճանապարհ է, թերևս միակը, առ մեր էության անհայտ տարածքը, առ այն, ինչը գերազանցում է մեզ: Քանզի այդ է ըստ էության պոեզիան. արվեստ` առաջնորդելու և հասնելու նրան, ինչը գերազանցում է մեզ:
Աշխարհում սփռված անհաշվելի առեղծվածային նշաններից, ինչպես օտար լեզվի վանկերից բառերի, և դրանցից էլ արտահայտությունների կազմումն է, որոնց ապակոդավորումը մեզ մոտեցնում է ավելի խորքային ճշմարտությանը:
Ի վերջո, որտե՞ղ է ճշմարտությունը: Անկման և մահվա՞ն մեջ, որի ականատեսն ենք ամեն օր մեր շուրջը, թե՞ պտտող ֆիզիկական ուժի մեջ, որը մեզ դրդում է հավատալու, որ այս աշխարհը անկործան է և հավերժ: Խելամիտ կլինի խուսափել բարձրագոչ արտահայտություններից, գիտեմ: Սակայն դրանք լայնորեն կիրառվում էին տիեզերքի ծագման տեսություններում, որոնք ժամանակ առ ժամանակ նոր կյանք էին ստանում, բախվում միմյանց, զարգացում ապրում և մարում: Սակայն նյութը մնում էր և մնում է:
Իսկ պոզիան բարձրանում է մի կետի, որտեղ ողջամտությունը վայր էր դրել իր զենքերը, որպեսզի դրանք վերցնի պոեզիան և մտնի արգելված գոտի` ցույց տալով, որ հենց ինքն է այն ուժը, որ ամենաքիչն է ենթարկվել ավիրման: Բանաստեղծությունը փրկում է մաքուր տեսքով մշտական, կենսակայուն տարրերը, որոնք ընկալվում են որպես աննշմար մասնիկներ գիտակցության մթության մեջ, ինչպես ջրիմուռները ծովի խորքերում:
Ահա թե ինչու մենք կարիք ունենք թափանցիկության: Որպեսզի հստակ տեսնենք հանգույցներն այն թելի, որն անցնում է դարերի միջով և մեզ օգնում կանգուն մնալ այս երկրագնդի վրա: Հերակլիտից մինչև Պլատոն, և Պլատոնից մինչև Հիսուս ուսումնասիրում ենք այդ «կապը», որն իր զանազան դրսևորումներով հասնում է մինչև մեր օրերը և մեզ ասում է գրեթե նույն բանը… որ այս աշխարհի կազմատարրերով ստեղծվում է մեկ այլ աշխարհ՝ «անդինը»՝ երկրորդ իրականությունը, որ գտնվում է մեր բնակության վայրից վեր, հակառակ կողմում: Մի իրականություն, որի իրավունքը մենք ունենք, և որին եթե չենք հասնում, մեր սեփական թուլությունն է պատճառը:
Ամենևին էլ պատահական չէ, որ լուսավոր դարաշրջաններում Գեղեցկությունը նույնացվում էր Բարության հետ, իսկ Բարությունը՝ Արևի: Ըստ այդմ, գիտակցությունը մաքրվում է և կատարելագործվում լույսով, սև նշանները նահանջում են և հանգում՝ թողնելով բաց տարածություններ, իսկ նրանց տեղը – ինչպես ֆիզիկական ճշգրիտ օրենքներում – գալիս են լրացնելու հակադիր բևեռները: Եվ դա տեղի է ունենում այնպես, որ վերջնական ստեղծված արդյունքը հիմնվի երկու բևեռների վրա էլ, այսինքն` «այստեղ»-ի և «այսուհետ»-ի վրա: Հերակլիտեսը չէ՞ր խոսում հակադիր ուժերի բախումից ծնվող ներդաշնակության մասին:
Կլինի Ապոլոնը թե Աֆրոդիտեն, Քրիստոսը թե Աստվածածինը, որոնք կմարմնավորեն և կանձնավորեն կարիքը` տեսնելու նյութականացած այն, ինչը երբեմն-երբեմն կանխազգում ենք, նշանակություն չունի: Նշանակություն ունի միայն շունչն անմահության, որ մեզ ներշնչում են նրանք: Իմ համեստ կարծիքով և մի շարք հստակ դոգմաներից վերանալով, պոեզիան պարտավոր է մեզ ներարկել այդ շունչը…

Հունարենից թարգմանությունը՝ Շուշան Կարապետյանի, խմբագիր՝ Հայկ Համբարձումյան

Աղբյուր`  Գրանիշ

Խոսք` Օդիսսեաս Էլիտիսի, երաժշտությունը` Միկիս Թեոդորակիսի

Ի դեպ, Միկիս Թեոդորակիսը Հունաստանի խորհրդանիշներից մեկի` հայտնի Սիրտակի պարի և երաժշտության  հեղինակն է:

Կարող եք ծանոթանալ նաև՝

Ժամանակակից վրացական արձակ. Իրակլի Սամսոնաձե

Ժամանակակից թուրքական արձակ. Օրհան Փամուկ, Էլիֆ Շաֆակ

Ժամանակակից պարսկական պոեզիա

Ժամանակակից արաբական պոեզիա

Միշտ Ձեր՝ Նունե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

23 отзыва на “Ժամանակակից հունական պոեզիա

  1. Уведомление: Ուսուցիչների ամառային ճամբար | Շուշան Ալեքսանյան

  2. Уведомление: Հունիսյան փառատոնային շաբաթ | bnagetnet

  3. Уведомление: Ամառային ուսումնական ճամբար.12.06-16.06 | Անգլերենի ուսուցումը կրտսեր դպրոցում

  4. Уведомление: Հունիսյան փառատոնային շաբաթ | Հայոց լեզու և գրականություն

  5. Уведомление: Հունիսյան փառատոնային շաբաթ | Mediaeducational blog

  6. Уведомление: Ուսուցիչների ամառային ճամբար | Мариам Калантарян

  7. Уведомление: Հունիսի 12-16 | Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

  8. Уведомление: Մանկավարժության ճամբար | Դասավանդողի բլոգ

  9. Уведомление: Բանգլադեշյան պլեներ | Русский язык в начальной школе

  10. Уведомление: Բանգլադեշյան պլեներ 2017. օր առաջին — ՄԱՍՐԵՆԻ

  11. Уведомление: Ուսուցիչների ամառային դպրոց | Լուսինե Նազարյան

  12. Уведомление: Բանգլադեշյան պլեներ | Teaching Foreign Languages at Primary School Astghik Poghosyan Teacher at Mkhitar Sebastatsi Educomplex

  13. Уведомление: Բանգլադեշյան պլեներ. օր չորրորդ |

  14. Уведомление: Հետաքրքիր հանդիպում-քննարկում | Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

  15. Уведомление: Հանդիպում գրականագետ Հայկ Համբարձումյանի և թարգմանիչ Շուշան Կարապետյանի հետ. Մայր դպրոցի ընթերցասրահ… — ՍԱՐԳՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱՅԻ ԲԼՈԳ

  16. Уведомление: Բանգլադեշյան պլեներ. օր չորրորդ – Անուշ Աթայան

  17. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  18. Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  19. Уведомление: Ժամանակակից հունական պոեզիա – Մերի Երանոսյան

  20. Уведомление: Նոյեմբեր | Հուրի Իսկանյան

  21. Уведомление: Նոյեմբեր ամիս – Մերի Երանոսյան

  22. Уведомление: Նոյեմբեր ամսվա հաշվետվություն — Աստղ Կիրակոսյան

  23. Уведомление: Գրականության և հայոց լեզվի՝Նոյեմբեր ամսվա աշխատանքը — adelina

Оставьте комментарий