Հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի

papaverՍիրում եմ հուլիս-օգոստոս ամիսները:

Հուլիս ամիսը մի տեսակ շաբաթ օրվա զգացողություն է առաջացնում, իսկ օգոստոսը՝ կիրակիի: Հուլիս-օգոստոսը սիրում եմ, որովհետև աշխատելու-հանգստանալու, ճամփորդելու-հիանալու ամենալավ ու ամենահարմար ամիսներն են:

Մեկ էլ սիրում եմ, որովհետև ինքս ինձ հետ մնալու լիուլի ժամանակ եմ ունենում: Իսկ ես սիրում եմ իմ ընկերակցությունը, ինքը ինձ չի ձանձրացնում:

Ստորև կփորձեմ ներկայացնել՝  ինչպես եմ անցկացրել այս տարվա իմ հուլիս-օգոստոսը:

Ամեն առավոտ իմ ձեռքից բռնում, տանում եմ այգի, միասին նստում ենք, անշտապ սուրճ խմում ու սիրուն լռում: Միասին լսում ենք արթնացող օրվա շնչառությունը՝ հատ ու կենտ թռչունների ճռվողյունը, տերևների հետ խաղացող մեղմ քամու շնկշնկոցը, նորելուկ արևի չարաճճի շողերը, հեռվից եկող, ալիք տվող ու ծփացող արձագանքները, ուշացած աքաղաղների կանչը (մշեցի տատս կասեր՝ անգյախ աքլոր): Բառը, հավանաբար, թուրքերեն է, նշանակում է անժամանակ, հայերեն տարբերակը՝ ժամ ու պատարագ չունեցող:

Տնային ինչ-ինչ գործեր անելուց հետո միացնում եմ «երջանկության մեխանիկան»՝ օդորակիչն ու սկսում իմ ամենօրյա աշխատանքը. կարդում եմ ու թարգմանում: Ավելի շատ ժամանակ գնում է ոչ այնքան կարդալու և թարգմանելու, որքան համապատասխան նյութեր ընտրելու և պատրաստի թարգմանությունը մշակելու վրա: Եթե արդեն գիտեմ, որ քաղաքից բացակայելու եմ՝ նախօրոք այդ օրերի փոխարեն էլ եմ աշխատում:

Երբեմն էլ փորձում եմ ինքնաթարգմանությամբ զբաղվել, որը, թերևս, թարգմանություններից ամենաբարդն է ու ամենադժվարը: Բան ունեմ ասելու՝ բարձրաձայնում եմ, չունեմ՝ լռում եմ: Ինչ էլ լինի՝ աշխատում եմ ինքս ինձ հավատարիմ մնալ՝  անկեղծ, անմիջական ու բաց լինել: Ի՞նչ ունեմ թաքցնելու, էլ չեմ ասում՝ թաքնվելու: Ինչ կամ՝ էն եմ: Լավն եմ, վատն եմ՝ էս եմ: Հաստատ հրեշտակ չեմ (աստված մի արասցե), մարդ եմ՝ սխալականությամբ ու քիչումիչ հնարավոր լավ կողմերով: Ինչևէ:

Հուլիս-օգոստոս ամիսներին  «Հայկական կակաչը» դիզայնը փոխեց, հագավ դեղին շորեր և ամռան դեղին ամիսներին աշխատեց արևագույն սիրով- հավեսով:

Հուլիս-օգոստոսին mskh-ի կիրակնօրյա եթերում անխափան աշխատեց «Ֆիլմադարանը» (նախագծի ղեկավար՝  Շուշան Եփրիկյան),  ոչ լիարժեք՝ ընդհատումներով աշխատեցին նաև «Շողակն» և «Վիքիմեդիա» նախագծերի առանձին սովորողներ:

Երկրորդ բանը, որ անում եմ հուլիս-օգոստոսին՝ ճամփորդելն է: Այլ վայրում կարող եմ մնալ մեկ օր, լավ՝ երկու օր, ամենաշատը՝  երեք: Նախընտրում եմ մի քանի տարբեր ճամփորդություններ, քան մեկ տեղում երկար մնալ:

Հուլիսը սկսվեց  «Աղավնավանք» ճամբարով, քայլեցինք սեբաստացիներով, տեսանք նոր վայրեր, բացահայտեցինք մեր սիրուն հայրենիքի մի փոքրիկ հատված ևս, ծանոթացանք նոր մարդկանց:

Ամեն տարի աշխատում եմ այցելել հարազատներիս, որպես ուխտագնացություն անպայման լինում եմ ծնողներիս ծննդավայրում՝ Ապարանի Լուսագյուղում և Սպիտակում: Հասցրել եմ լինել նաև Աշտարակում և Եղվարդում:

Երրորդ բանը, որ անում եմ՝ բնության երևույթները վայելելն է: Ինձ համար երևույթ է Սևանա լիճը:

Անհոգնել ու անթաքույց հրճվանքով կարող եմ հետևել բնության խենթություններին: Չգիտեմ ինչու, բայց ժժնված (դիադինցի պապիս բառն է, եսիմինչերեն է, հայերեն տարբերակը՝  խառնված, խառնաշփոթ) պահերիս խաղաղվում եմ կայծակով ուղեկցվող հորդառատ անձրևից ու խելահեղ ուժեղ քամուց:

Շատ սիրում եմ մայրամուտին հետևել (մի օր էլ ձեռքիցս կբռնեմ ու Մայրամուտի շողերի միջով հաշտ ու խաղաղ կգնամ Արևի մոտ…): Էդ հետո, հիմա՝ չէ: Չնայած՝  ով իմանա…

Վերջում ուզում եմ մի բան անպայման ու էլի՛ ասել՝  շնորհակալ եմ, կրթահամալիր ջան: Դու ինձ էնքա՜ն բան ես տվել՝ բառերով չես չափի…

Քո՝  Նունե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.