«Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են: Բայց, պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել…»:
Նամակ պատանդին (հատված)
Հարգանք մարդու հանդեպ: Հարգանք մարդու հանդեպ…Ահա՛ փորձաքարը:
Կարգը հանուն կարգի ներքինի է դարձնում մարդուն, խլում է մարդուց ամենակարևոր բանը` աշխարհն ու ինքն իրեն վերափոխելու պարգևը: Կարգը ծնունդ է առնում կյանքից, բայց այն կյանք չի ստեղծում:
Մինչդեռ մեզ, ընդհակառակը, թվում է` դեպ կատարելություն մեր ձգտումը դեռ չի ավարտվել, որ վաղվա ճշմարտությունը սնունդ է առնում երեկվա սխալներից և հակասությունները հաղթահարելը միակ պարարտ հողն է, որի վրա հնարավոր է դառնում մեր աճը: Մենք յուրային ենք համարում նաև նրանց, ովքեր նման չեն մեզ: Բայց ինչպիսի՜ յուրօրինակ փոխհարաբերություններ են ձևավորվում: Դրանց հիմքում ընկած է ոչ թե անցյալը, այլ ապագան: Ո՛չ թե իրականությունը, այլ նպատակը: Երկուստեք մենք նման ենք ուխտավորների, ովքեր տարբեր երկար և դժվար ուղիներով ձգտում են հասնել հանդիպման վայր:
Այսօր մարդու հանդեպ ունեցած հարգանքը վտանգված է, առանց որի մենք չենք կարող առաջընթաց ունենալ: Աշխարհը ցնցող աղետները մեզ մղում են դեպի խավար: Մեր առջև բարդ խնդիրներ են, դրանց լուծումներն էլ հակասական են: Երեկվա ճշմարտությունը մեռած է, վաղվա օրվա ճշմարտությունը դեռ պետք է ստեղծել: Միակ որոշումը, որը ընդունելի է բոլորի համար, առայժմ տեսանելի չէ. մեզնից յուրաքանչյուրի ձեռքերում ընդամենը ճշմարտության փոքր մասն է միայն: Նրանք, ում քաղաքական համոզմունքների արդարացիությունն ակնառու չէ բոլորին` հաստատվելու համար դիմում են բռնության: Այսպես, տարբերվելով ընտրության միջոցներով, մենք համարձակություն ենք ունենում մոռանալ, որ ձգտում ենք միևնույն նպատակին:
Եթե ճանապարհորդը, ով լեռ է բարձրանում, չափից դուրս է կենտրոնանում իր ամեն մի քայլի վրա` մոռանալով ուղեցույց աստղին հետևել, նա կանգնում է ճանապարհը կորցնելու և մոլորվելու վտանգի առաջ: Եթե նա հենց այնպես է փոխում ոտքերը, որպեսզի նույն տեղում չմնա, նա ոչ մի տեղ էլ չի հասնի: Տաճարի սպասավորները, ովքեր չափազանց մտահոգվում են աթոռների համար վճարներ գանձելով, համարձակվում են մոռանալ, որ իրենք ծառայում են աստծուն: Այդպես էլ ես, տարվելով քաղաքական տարաձայնություններով, համարձակվում եմ մոռանալ, որ քաղաքականությունը միայն այն ժամանակ է իմաստ ունենում, երբ օգնում է բացահայտելու մարդու հոգևոր էությունը: Մեզ համար երջանիկ են այն ժամերը, երբ մենք ճաշակում ենք ճշմարիտ մարդկային հարաբերությունների հրաշքը. հենց այստեղ է մեր ճշմարտությունը:
Որքան էլ կենսականորեն անհրաժեշտ թվան մեր գործողությունները, մենք իրավունք չունենք մոռանալու` հանուն ինչի ենք գործում, հակառակ դեպքում մեր գործադրած ջանքերը կմնան անպտուղ: Մենք պետք է ուզենանք հաստատել մեր ունեցած հարգանքը մարդու նկատմամբ: Մենք մի ճամբարում ենք, մեր ինչի՞ն է պետք ատել միմյանց: Մեզանից և ոչ մեկը իրավունք չունի միայն իրեն վերագրել մտքերի մաքրություն: Հանուն ճանապարհի, որը ես եմ ընտրել, ես կարող եմ մերժել ուրիշների կողմից ընտրված ուղին: Ես կարող եմ վիճարկել նրա մտքերի շարժը: Մտքերի ընթացքը միշտ չէ, որ ճիշտ է լինում: Բայց եթե մարդը ձգտում է նույն աստղին, իմ պարտքն է հարգել նրան, քանզի մենք եղբայրներ ենք Հոգով:
Հարգա՜նք Մարդու հանդեպ: Հարգա՜նք Մարդու հանդեպ…Եթե մարդկանց սրտերին բնորոշ է հարգանքը մարդու նկատմամբ, մարդիկ, ի վերջո, կստեղծեն քաղաքական կամ տնտեսական այնպիսի համակարգ, ուր հարգանքը կլինի ամենաբարձր դիրքում: Ցանկացած մշակույթի հիմքում առաջին հերթին մարդն է: Մարդուն, նախ և առաջ, բնորոշ է ջերմության կույր, անդիմադրելի ծարավ: Հետո միայն սխալվելով նորից ու նորից` մարդը գտնում է կրակը տանող ճանապարհը:
Ահա թե ինչու, ընկե՛ր իմ, ինձ այդպես պետք է քո բարեկամությունը: Ինձ, ինչպես մի կում ջրի, անհրաժեշտ է այնպիսի ընկեր, ով վեր բարձրանալով քննադատության ծնունդ վեճերից, իմ մեջ հարգի դեպի կրակը գնացող ուխտավորին: Երբեմն ինձ այնպե՜ս անհրաժեշտ է նախապես ճաշակել խոստացված ջերմությունը, մի քիչ վեր բարձարանալ ինքս ինձնից և հանգստանալ վերևներում, ուր մենք անպայման հանդիպելու ենք…
Ես այնպե՜ս հոգնել եմ լեզվակռիվներից, անհանդուրժողականությունից, մոլեռանդության դրսևորումներից: Ես քեզ մոտ ուզում եմ գալ առանց հատուկ համազգեստների, չենթարկվելով, ինչպիսին էլ որ լինեն դրանք, Ղուրանի պատվիրաններին, առանց դույզն-ինչ հրաժարվելու իմ ներքին հայրենիքից: Քո առաջ ես կարիք չունեմ արդարանալու, պաշտպանվելու, ինչ-որ բան ապացուցելու, քեզ հետ մենք հոգևոր կապի մեջ ենք: Իմ արտաբերած չհղկված բառերի, բերած փաստարկների մեջ, որոնց մեջ ինքս էլ եմ խճճվում-մնում, դու ուղղակի տեսնում ես Մարդուն: Դու իմ մեջ պատվում ես այն սովորությունների և նախապատվությունների պատգամաբերին, ում համոզմունքները, շատ հնարավոր է, որ չես էլ կիսում: Եվ եթե որևէ բանով նման չեմ քեզ, ապա ես դրանով բոլորովին էլ չեմ վիրավորում քեզ, այլ ընդհակառակը` նվիրում եմ. դու ինձ կհարցնես ինչպես ճանապարհորդի:
Ինչպես ցանկացած մարդ, ես ծարավ եմ, որ ինձ հասկանան, քո կողքին ես ինձ մաքուր եմ զգում, ես գալիս եմ քեզ մոտ: Ինձ ձգում է այն տեղը, որտեղ ես ինձ մաքուր եմ զգում: Դու ինձ ճանաչում ես ոչ թե իմ արած դատողություններով և կատարած գործողություններով, այլ ինձ տեսնում ես այնպիսին, ինչպիսին ես կամ: Ու, քանի որ դու ինձ ընկալում ես այնպիսին, ինչպիսին ես կամ, հենց այդ պատճառով էլ, անհարժեշտության դեպքում, դու հաշտվում ես իմ դատողությունների և գործողությունների հետ:
Շնորհակա՛լ եմ քեզ, որ դու ինձ ընդունում ես: Իմ ինչի՞ն է պետք ընկեր, ով ինձ կդատի: Եթե ինձ այցելել է իմ ընկերը և, եթե նա կաղում է, ես նրան կնստեցնեմ սեղանի մոտ և չեմ պահանջի, որ նա պարի:
Ընկե՛ր իմ, դու ինձ հարկավոր ես ինչպես լեռան գագաթ, ուր ազատ շնչում են:
Աղբյուր` Письмо заложнику. Антуан де Сент-Экзюпери
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև`
Հատվածներ «Միջնաբերդ» (Цитадель) գրքից
Հատվածներ «Ռազմական օդաչու» (Военный летчик) գրքից
Կոնսուելո Սանդովալ՝ Էքզյուպերիի վարդի նախատիպը
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ