Օդանավակայանն ինձ միշտ է հուզմունք պատճառել, հիմա` առավել ևս…
Ես միշտ առանձնակի ապրումներ եմ ունենում օդանակավակայանում: Այն ինձ ներկայանում է որպես մարդկային կյանքի խտապատկեր.
- մարդիկ, ովքեր գալիս են
- մարդիկ, ովքեր գնում են
- մարդիկ, ովքեր սպասում են
Սա չէ՞ մարդու ապրած երկրային կյանքի ողջ փիլիսոփայությունը:
Ես ֆիզիկապես լավ չեմ զգում ինքնաթիռով թռչելիս: Ու ամեն անգամ, երբ հերթական անգամ վատ եմ զգում, ականջներումս հնչում են հորս խոսքերը. «Հանկարծ ուրիշներին չասես, որ օդաչուի աղջիկ ես: Ամոթ է, այ բալա, ոնց կարելի է երկնքում` ամպերի մեջ, վատ զգալ»:
Ամոթ էր համարվում նաև վախենալը, դժգոհելը, հիվանդանալը: «Հերիք չէ` հիվանդ է, դեռ մի բան էլ ասում է: Ամոթ է, գոնե այնպես արա, որ ուրիշները չիմանան»: Հիվանդության մասին բարձրաձայնելը համարվում էր կրկնակի ամոթ, մեղք գործելու պես մի բան…
Հայրս իրեն երկկենցաղ մարդ էր համարում ու ծուռ ժպտալով խոստովանում էր. «Ճիշտ է, ես երկրի ծնունդ եմ, բայց, ինչպես ձուկը ջրում, ինձ լավ եմ զգում երկնքում»:
Երկինքն իր աշխատավայրն էր, իր ամենաաշխարհը…
Այս էլ որերորդ անգամն է, երբ ինքնաթիռի մեջ նստած հայտնվում եմ երկնքում` ամպերի մեջ, շոշափելու չափ իրական սկսում եմ զգալ հորս ներկայությունը, ավելին` շնչառությունը, անգամ` հոտը…
Վերևում` ամպերի մեջ, մենք, ժամեր շարունակ, խաղաղ ու լուռ զրուցում ենք իրար հետ: Մեր զրույցի մեջ բառեր չկան, ուղղակի զգում ենք իրար ու հասկանում միմյանց…
Մենք միշտ էլ հասկացել ենք իրար:
Հիմա էլ ենք հասկանում:
Ոչինչ չի փոխվել:
Այս ամենը տևում է այնքան ժամանակ, մինչև որ բարձրախոսի մեջ հնչում է ձայնը. «Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից թռչող S7 ինքնաթիռը պատրաստվում է վայէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայում: Խնդրում ենք կապել ամրագոտիները»:
Ցտեսություն, հա՛յր, մինչ նոր հանդիպում վերևներում…
Օդանավակայանն ինձ միշտ է հուզմունք պատճառել, հիմա` առավել ևս:
Նախորդիվ`
Մատրոնա Մոսկվացի «Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ»
Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող
Քանի տարի եմ ապրելու, որ ինձ զրկեմ
Նունե Մովսիսյան
Уведомление: Համոզե՞լ, պարտադրե՞լ, թե… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)