Հունվարի 13-ին ծնվել է միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը (1866, Գյումրի-1949, Փարիզ)
Եթե երբևէ ինձ հարցնեն՝ գրականությունից առավել ինչ եմ սիրում, միանշանակ պատասխան կտամ՝ փիլիսոփայություն: Փիլիսոփայությունը, ըստ իս, ապրելու, կյանքից գլուխ հանելու, այս կամ այն խնդրին լուծում տալու իմաստուն խորհուրդ է, ինչո՞ւ չէ՝ կենսակերպ ու ապրելակերպ: Ու, քանի որ սիրում եմ փիլիսոփայություն, անտարբեր չեմ նաև որոշ փիլիսոփաների ու նրանց գործերի հանդեպ: Հավանածս փիլիսոփաներից արդեն իսկ ներկայացրել եմ՝ Հեգել, Էմերսոն, Կոնֆուցիոս:
Հաջորդ փիլիսոփան, ում գաղափարախոսությունը ինձ հետաքրքրում է` Գեորգի Գյուրջիևն է: Փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գեորգի Գյուրջիևի գաղափարները աշխարհում լայն ճանաչում են գտել նրա փիլիսոփայությամբ զբաղվող ինստիտուտների ու դպրոցների շնորհիվ, որոնք գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այսօր էլ Գյուրջիևի գրքերը մեծ պահանջարկ ունեն աշխարհում` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Ռուսաստանում: Սա բացատրվում է ոչ միայն նրա ստեղծած երաժշտության և փիլիսոփայական գաղափարների նկատմամբ աճող հետաքրքությամբ, այլ նաև այն փաստով, որ նրա յուրօրինակ սկզբունքները ու գաղափարները ներդրած ընկերությունները շահույթ են ապահովում բիզնեսի և տնտեսության բնագավառում: Նրա գաղափարախոսությունը հիմնականում կիրառում են մշտադիտարկում (մոնիտորիգ) իրականացնող կազմակերպությունները:
Այս էզոթերիկ փիլիսոփայի կյանքը բավականաչափ առեղծվածային է և գաղնիքներով լի: Նրա անունը այս կամ այն կերպ կապվում է Իոսիֆ Ստալինի, Ադոլֆ Հիտլերի, Ռուդոլֆ Զեբոտենդորֆի, երիտթուրքերի ղեկավարների, Դավիթ Բեհբութովի, Սերգեյ Մերկուրովի, հետաքրքիր է նաև Գյուրջիևի ու Չարենցի, Ավ. Իսահակյանի, Կոմիտասի, Փարաջանովի, զորավար Անդրանիկի հետ հնարավոր կապերի առկայութունը:
Ու, քանի որ այսօր` հունվարի 13-ին, Գեորգի Գյուրջիևի ծննդյան օրն է, այդ պատճառով փորձելու եմ ներկայացնել նրան: Ըստ բազմաթիվ աղբյուրների, Գյուրջիևի հայրը` աշուղ ուստա Ադաշը, հունադավան հայ էր, իսկ մայրը՝ գյումրեցի հայուհի։ Գյուրջիևը նախնական ուսումը ստացել է Ալեքսանդրապոլում, իսկ հետագայում ուսումը շարունակել Կարսի Սբ. Առաքելոց վանքում։
Գյուրջիևը իր անբաժան ընկերոջ՝ Սարգիս Պողոսյանի հետ Անիում երկար ժամանակ ուսումնասիրել է հայոց հին մատյանները, հայկական տաճարների կառուցվածքն ու նրանց խորհրդանշանները: Գյուրջիևը սկսեց հին հայկական փիլիսոփայությունից, ապա անցավ Գիլգամեշին, միջագետքյան քաղաքակրթությանը, հետո նաև՝ եվրոպական միստիկ փիլիսոփայությանը:
22 տարեկանում ճամփորդել է ողջ Ասիայում` Չինաստան, Տիբեթ, Հնդկաստան, Աֆղանստան, Միջին Ասիա, եղել բազում խորհրդավոր վայրերում, ուսումնասիրել շատ կրոններ և ուսմունքներ, այցելել գաղտնի միաբանություններ և ընկերակցություններ: Տեղափոխվելով Թիֆլիս՝ նա ուսումնասիրել է նաև արևելյան փիլիսոփայություն, իսկ 1919 թ. Գյուրջիևը Թիֆլիսում հիմնել է Մարդու հարմոնիկ զարգացման ինստիտուտը: Այն կարճ ժամանակում ճանաչում ստացավ, սակայն նույնքան կարճ ժամանակ անց էլ փակվեց: Գյուրջիևը աշակերտների հետ տեղափոխվեց Ֆրանսիա: Շատ չանցած նա աներևակայելի ճանաչում ստացավ: Գյուրջիևի ինստիտուտում պարապմունքները մեծ մասամբ բաղկացած էին աշխատանքից և պարերից: Նրա աշակերտները և հյուրերը աշխատում էին ագարակում. կերակրում կենդանիներին, մաքրություն պահպանում, հող էին մշակում:
1923 թ. Փարիզի Ելիսեյան դաշտերում տված ներկայացումը իսկական փառք բերեց Գյուրջիևին: Դրան հետևեցին հյուրախաղերը ԱՄՆ-ում: Գյուրջիևը համաշխարհային ճանաչում ստացավ:
Գյուրջիևի դեպքում առ այսօր գործում է երկու իրարամերժ կարծիք. շատերը նրան մեղադրում են կախարդության մեջ, շատերն էլ՝ համարում են սպիտակ մոգության վարպետ: Ինչևէ, այս հարցերը թողնենք, դրանք ինձ չեն հետաքրքում: Ես ուղղակի ներկայացնելու եմ իմ ուսումնասիրած-իմացած Գյուրջիևին, մասնավորապես՝ նրա մանկավարժական հայացքները:
Ըստ Գյուրջիևի, գիտելիքը չի կարող տրվել մարդկանց առանց սեփական ջանքերի: «Օգնիր միայն նրան, ով ծույլ չէ: Ես սիրում եմ նրան, ով սիրում է աշխատանքը»: Ուսուցումը առաջին հերթին, ըստ նրա, պետք է դիտարկել որպես ինքնազարգացում: «Ձեզ համար չափազանց օգտակար կլիներ աշխատել անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ: Անկեղծությունն է այն դռան բանալին, որի հետևում դուք կկարողանաք տեսնել ձեր մեջ տարբեր մասեր, և դուք կտեսնեք բոլորովին նոր բան: Դուք պետք է շարունակեք անկեղծ լինելու ձեր փորձերը: Ամեն օր դուք դիմակ եք դնում և պետք է մաս-մաս այն հանեք» («Հայացք իրական աշխարհից»):
Գյուրջիևը թիմային աշխատանքը համարում էր ուսուցման անկյունաքար և դիտարկում ուսումնական խմբի համագործակցության երեք ուղղություններ` աշխատանք իր համար, աշխատանք խմբի համար և աշխատանք ուսուցչի կամ Աշխատանքի համար: Մարդն աշխատանքից կարող է լիարժեք օգուտ ստանալ միայն այն դեպքում, երբ երեք ուղղությամբ էլ աշխատում է: Եթե այսպես չի աշխատում, ապա որոշ ժամանակ անց կանգ կառնի: Այս սկզբունքը ապահովում է հավասարակշռության պահպանումը և աշխատանքը ոչ միայն ուղղորդում է, այլ նաև թույլ է տալիս հաջողությամբ և արդյունավետ ավարտին հասցնել:
Ըստ Գյուջիևի` կոլեկտիվ աշխատանքի ընթացքում ձևավորվում են միջանձնային շփումներ, ի հայտ են գալիս մարդու վարքագծի ձևաչափեր (շաբլոն): Ստեղծվում են ինքնագիտակցման զարգացմանը և միջանձնային հարաբերությունների ձևավորմանը նպաստող իրավիճակներ: Խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ է կազմակերպվածություն: Պետք է աշխատել խմբում և դրա օգնությամբ: Հարկավոր են ստույգ գիտելիքներ և նրանց հրահանգները, ովքեր արդեն անցել են այդ ուղիով: Այդ ամենը պետք է իրականացնել համատեղ ջանքերով:
Բացի միստիկ փիլիսոփա լինելուց, Գյուրջիևը նաև կոմպոզիտոր էր։ Նա նաև բալետի համար հատուկ պարային վարժաձևեր մշակեց: 1920-ականներին սկսեց համագործակցել կոմպոզիտոր Թոմաս դե Հարթմանի հետ։ Նրանց համագործակցության արդյունքում ստեղծվեցին հրաշալի երաժշտական ստեղծագործություններ:
Գյուրջիևի առեղծվածային աշխարհն ու երաժշտությունը մինչև հիմա գրավում են ստեղծագործող մարդկանց ու նոր մշակումների հիմք դառնում մեր օրերում ևս: Առավել հայտնի են Քեյթ Ջարեթի և Տիգրան Համասյանի հիանալի մշակումները:
Գեորգի Գյուրջիևը՝ այդ առեղծվածային իմաստունը, այլևս պատմություն է դարձել, բայց նրա հիմնած դպրոցը և գյուրջիևյան սկզբունքները շարունակում են ապրել: Գեորգի Գյուրջիևի փիլիսոփայության հիմնական սկզբունքը հետևյալն է. «Գիտակցված հավատը ազատություն է: Էմոցիոնալ հավատը` ստրկություն: Մեխանիկորեն հավատալը` անմտություն»: Գյուրջիևը փորձեց աներևակայելի ու անհավանական մի բան անել. միասնական ուսմունք ստեղծել գիտակցված հավատի մասին (գոնե ես այդպես եմ հասկացել), որն ընդհանուր կլիներ և կմիավորեր աշխարհի բոլոր կրոնների, բոլոր ազգությունների, բոլոր կուսակցությունների մարդկանց՝ առաջարկելով ճանաչողության «չորրորդ ուղին», որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մշտական ինքնադիտման և ինքնամտապահման գիտակցված աշխատանք: Ըստ Գյուրջիևի ուսմունքի, քանի որ մարդկությունը չունի մտքի ու մարմնի միասնական ընկալում, այդ պատճառով մարդիկ, որպես կանոն, քնի մեջ են` «արթմնի քնած»։ Բայց և այնպես, բարձր բանականությամբ օժտված մարդն ի վիճակի է իրեն փոխակերպել: Նման մարդը, ըստ Գյուրջիևի ուսմունքի, միանգամայն ի վիճակի է հասնել գիտակցված ազատության, որն էլ իր հերթին բերում է մարդկային ներուժի, հնարավորությունների և կարողությունների բացահայտման իսկական թռիչքի: Եվ ընդհանրապես, Գյուրջիևն այն կարծիքին էր, որ «մենք մեզ օգտագործում ենք որպես սայլ, այն դեպքում, երբ կարող էինք թռչել»: Ահա այսպիսի՝ իր ուսմունքի նման նույնքան աներևակայելի Գեորգի Գյուրջիև:
Օգտագործված աղբյուրներ`
Գեորգի Գյուրջիև «Կյանքը իրական է, քանի դեռ Ես կամ»
Գեորգի Գյուրջիև «Աշխատանքի երեք ուղղությունները»
Գյուրջիևի խորհուրդները դստերը՝ Դուշկա Խովարտին
Վահե Աթանեսյան «Գեորգի Գյուրջիև կամ խորամանկ իմաստունը»
Առեղծվածային իմաստունը. Գեորգի Գյուրջիև
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Music Marine
Уведомление: Գեորգի Գյուրջիև | Music Marine
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ